Վրաստանի խորհրդարանի նիստերից բացակայելը կարող է լրջորեն ազդել պատգամավորների աշխատավարձերի վրա:
Լիագումար նիստը բաց թողնելու համար, նոյեմբերից Վրաստանի խորհրդարանի պատգամավորների նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ, հայտարարել է երկրի օրենսդիր մարմնի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Պատգամավորների բացակայության պատճառով, հինգշաբթի օրը Թբիլիսիի ժամանակով 12:00-ին, նախատեսված լիագումար նիստն սկսվել ավելի քան մեկ ժամ ուշացումով: Արդյունքում գրանցվել է ընդամենը 87 պատգամավոր, իսկ երկրի խորհրդարանում կա 150 պատգամավոր:
«Ցավալի է, որ մենք երբեք չենք կարողացել ժամանակին սկսել նիստը: Մենք առնվազն մեկ ժամ ուշանում ենք: Ես աստիճանաբար համոզվում եմ, որ դրանից ոչ մի պատժամիջոց չի փրկի: Դա պարզապես մտածելակերպի և գիտակցության հարց է… Այն մարդիկ, ովքեր ուշանում են, վիրավորում են իրենց գործընկերներին և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորում», – ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Ռևազ Արվելաձեն:
Ի պատասխան օրենսդիր մարմնի ղեկավարը լիագումար նիստերին ներկա չգտնվելն անվանել է անընդունելի պրակտիկա:
«Մեզ համար մեխանիզմներից մեկը պատժամիջոցներն են, և մենք նոյեմբերից կարող ենք պատժամիջոցներ կիրառել: Դա պետք է արվի, որպեսզի բարելավենք նիստերին մասնակցելն և հաճախելը», – հայտարարեց Կոբախիձեն:
Կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նիստի բացակայության պատճառներից մեկը հիվանդությունն է, գործուղումը կամ ընտանեկան հանգամանքը: Եթե խորհրդարանի պատգամավորը անհարգի պատճառներով բացակայում է մեկից ավելի լիագումար նիստից, յուրաքանչյուր հաջորդ նիստը բաց թողնելու համար նա կվճարի իր աշխատավարձի 10%-ի չափով: