Վրաստանի 10 բիզնես-ասոցիացիաներ կոչ են արել վարչապետ Գիորգի Գախարիային և Համակարգող խորհրդին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված սահմանափակումները մեղմել: Նրանք հանդես են եկել համատեղ յոթ կետանոց հայտարարությամբ:
Նամակի հեղինակները նշում են, որ համավարակի և տնտեսական ճգնաժամի պատճառով բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ են առաջացել:
«Համավարակի ընթացքում ծայրաստիճան կարևոր է ընդլայնել հակաճգնաժամային տնտեսական փաթեթը և ինտենսիվ հաղորդակցություն ու համագործակցություն հաստատել մասնավոր սեկտորի հետ` տնտեսական կոլապսից խուսափելու համար: Սա չափազանց կարևոր է տնտեսության աստիճանական բացման գործընթացում՝ հաշվի առնելով տարբեր ոլորտների առանձնահատկությունները և համապատասխան որոշումներ կայացնելու գործընթացում բիզնեսի ավելի ակտիվ ներգրավումը»:
Բիզնես-ասոցիացիաները ողջունում են այն փաստը, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Հիմնական չափանիշը` թեստերի դրական պատասխանների ցուցանիշն է, որը վերջին 14 օրվա ընթացքում հասել է 3%-ի:
«Դրանում մեծ դեր խաղացին բժիշկների, բիզնեսի, մասնագիտացված պետական կառույցների և բնակչության համատեղ ջանքերը: Երկիրը ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամից փրկելու գործընթացն արագացնելու համար այսօր կարևոր ենք համարում հետագա համարձակ քայլերի ձեռնարկումը, երբ ամեն շաբաթ հույժ կարևոր է գործարկել տնտեսությունը և աստիճանաբար վերադարձնել իրենց աշխատանքին 200 հազար մարդու, ովքեր մնացել են առանց եկամտի»:
Այս նպատակով համատեղ հայտարարության հեղինակները անհրաժեշտ են համարում կատարել հետևյալ պայմանները.
1. «Պարետային ժամի» մեկնարկի ժամանակը հետաձգել 2 ժամով՝ 21:00-ի փոխարեն սահմանափակումն ուժի մեջ մտնի 23:00-ին: Սա էապես կնվազեցնի հասարակական տրանսպորտի բեռը պիկ ժամին, ինչպես նաև շոշափելի տնտեսական արդյունք կապահովի բիզնեսի-ոլորտի համար:
2. Հանգստյան օրերին աշխատանքի սահմանափակումների վերացումը բիզնեսի այն հատվածի համար, որոնց աշխատանքային օրերին թույլատրվում է աշխատել: Այս հարցը հատկապես կարևոր է մանրածախ ոլորտի համար, որի շրջանառության 40%-ը բաժին է ընկնում հենց հանգստյան օրերին:
3. Հատուկ հակաճգնաժամային փաթեթների մշակումը՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, որոնք իսկապես թույլ կտան առանձին ոլորտներին արագ վերսկսել աշխատել: Օրինակ, խոսքն առևտրի կենտրոններին զիջումների մասին է՝ 2021 թվականին գույքահարկից ազատելու հարցի առումով:
4. Փետրվարի 22-ից ռեստորանային/հասարակական սննդի բիզնեսին՝ խիստ կանոնակարգերը պահպանելով, թույլատրել աշխատել փակ տարածքներում: Այս ոլորտի ներկայացուցիչները մշակել են հատուկ առաջարկներ:
5. Լեռնա-դահուկային հանգստավայրերի վերաբացումը փետրվարի 22-ից: Չնայած այն հանգամանքին, որ ձմեռային սեզոնն փաստացի ավարտվել է, հյուրանոցներն ու տեղի բնակիչները կարող էին գոնե նվազագույն եկամուտներ ստանալ՝ լիակատար կոլապսից և սնանկացումից խուսափելու համար:
6. Վրաստանի Բիզնես-օմբուդսմենը պետք է ընտրվի և նշանակվի բիզնես-սեկտորի անմիջական խորհրդատվությունների և անմիջական ներգրավման արդյունքում: Այս առումով մենք պատրաստ ենք մասնակցել համապատասխան մոդելի մշակմանը, որը ենթադրում է նաև Օմբուդսմենի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը բիզնես-սեկտորի կողմից:
7. Բարձր սոցիալական պատասխանատվության առումով, մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցել Վրաստան պատվաստանյութերի ներմուծմանը և արագ պատվաստման գործընթացին՝ համապատասխան գործնական կապեր և ֆինանսական միջոցներ գտնելու և օգտագործելու հարցում:
Համատեղ հայտարարության հեղինակները նաև խնդրում են աշխատանքային ձևաչափով հանդիպում անցկացնել համաճարակաբանների, կառավարության տնտեսական թիմի և փորձագետների հետ: Նախատեսվում է քննարկել վերը նշված բոլոր հարցերը: