21 տարեկանից ցածր Վրաստանի քաղաքացիներին արգելվում է խաղալ ազարտային խաղեր: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից նախապատրաստված օրենքի նախագծով:
Եթե խորհրդարանը ընդունի այս կանոնակարգը, ապա Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ կզրկվեն խաղատներում, առցանց խաղատներում և տոտալիզատորում խաղալու իրավունքից: Համապատասխանաբար, փոփոխությունը կտրուկ կնվազեցնի ազարտային խաղերի ոլորտի օգտագործողների թիվը:
Ֆինանսների նախարարության կողմից պատրսատված բացատրական հուշագրում նշվում է, որ այդ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա, քանի որ երիտասարդները չեն կարողանա զբաղվել ազարտային խաղերով: Միևնույն ժամանակ, այս օրինագիծը թույլ է տալիս ստեղծել խաղացողների համար միասնական տվյալների բազա, որը նախարարության բացատրությամբ կբացառի անչափահասների ներառումը խաղերում:
2016 թ.-ին խաղատների և տոտալիզատորների շրջանառությունը Վրաստանում կազմել է 4.3 մլրդ լարի: Սա 16%-ով ավելի է, քան 2015-ին: 4.3 մլրդ լարիից տոտալիզատորներին հասնում է 850 միլիոնը, իսկ դա նշանակում է, որ կազինոյի/խաղատան շրջանառությունը ավելի բարձր քան տոտալիզատորներինը:
Խաղային բիզնեսի ամենամեծ աճը` 76%, եղել է 2015 թվականին, երբ արդյունաբերության չափը հասել է 3.7 մլրդ լարիի:
Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է 138 բիզնես ձեռնարկություն, որոնք զբաղվում են ազարտային խաղերի կազմակերպմամբ: Այդ ընկերություններում աշխատողների թիվը կազմում է 6,5 հազար:
Ազարտային խաղերի բիզնեսը բյուջեի խոշոր վճարողներից մեկն է: Պետք է նշել, որ այս տարի բյուջե մուտք գործած հարկերի գումարը կտրուկ աճել է, ինչը կապված է նրանց համար ավելի բարձր հարկերի հետ:
2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հարկային նոր փոփոխություններ, որոնց խաղարկային արդյունաբերությունը կտրականապես դեմ է եղել: 2017 թվականի առաջին կեսին բարձրացված վճարների պայմաններում խաղային բիզնեսը ենթարկվել է հարկերի` 145 միլիոն լարի չափով, ինչը 33%-ով ավելի է, քան 2016 թվականին: