Ամբողջական վերահսկողություն խաղամոլների նկատմամբ, հանցագործություն, փողերի կորուստ, որոնք կարելի էր ծախսել ընտանիքի համար, անհասկացողություն և կոնֆլիկտներ ընտանիքի հետ – սրանք մի մասն են խաղամոլների հետ տեղի ունեցած հետևանքների:

Գնաց, գայթակղվեց, խաղաց, մտավ մոլախաղի մեջ, պարտվեց հսկայական գումար, հետո ի հայտ է գալիս կատարածի գիտակցումը և հետևանքներից մեկը` ինքնասպանություն: Վերջերս` պարտության պատճառով, տեղի ունեցած ինքնասպանության դեպքը, երբ երիտասարդը Ջիգրաշեն գյուղից` կյանքը ավարտեց ինքնասպանությամբ. ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Զբաղմունքները գավառական քաղաքում քիչ են, տղամարդկանց համար դա մեքենաներն են, թղթախաղը, դոմինոն, ռեստորանները ու կազինոն: Փոքրիկ քաղաքում արդեն աշխատում են 4 խաղային հաստատություններ, դրանց ավելացումից կարելի է ենթադրել, որ բիզնեսը եկամտաբեր է: Ախալքալաքի ոչ բոլոր խաղային հաստատություններն են կազինո, այստեղ կան սլոտ ակումբներ ու տոտալիզատորներ:

Ձմռանը խաղային հաստատությունների հաճախորդների թիվը ավելանում է, դա կապված է նրա հետ, որ տաղամարդիկ, ովքեր ամբողջ շրջանից մեկնում են սեզոնային աշխատանքների, վերադառնում են հետ: Այս տարի, կապված ռուբլու փոխարժեքի անկման և ցածր եկամուտների պատճառով` կազինոների հաճախորդների թիվը ավելի քիչ է, բայց բավարար: Գալիս են առաջին օրը, խաղում են, հետո գալիս են երկրորդ, երրորդ անգամ. ու ընկնում են կախվածության մեջ: Պետք է ընդգծել, որ խաղամոլությունն Ախալքալաքում, ինչպես և քաղաքականությունը. կրում է գենդերային բնույթ:

Ախալքալաքի շրջանի կանայք խաղային հաստատությունների կողքով են անցնում: Դրա համար էլ մենք իրավիճակը ընկալելու համար խոսեցինք տարբեր մարդկանց հետ, ովքեր կապեր ունեն տարբեր խաղային հաստատությունների հետ: Նրանց մեկնաբանությունները, իրենց իսկ խնդրանքով` օգտագործում ենք անանուն:

«Խաղում են կամաց-կամաց, որքան որ կա, հետո այնքան, որքան կարող են գտնել, հետագայում` այնքան, ինչքան կարող են գողանալ: Վերջերս մեկը գողություն կատարեց, տարավ` ծախեց ինչ կար ու եկավ խաղալու: Նրան բռնեցին: Հստակ համակարգ չկա, ոչ ոք չգիտի` թե երբ կժպտա հաջողությունը: Իրեն սեփականատերերն էլ են խաղում, որպեսզի հաղթեն, պարտվում են իրենց իսկ սարքավորումներին: Գալիս նայում են, թե որքան է սարքավորումը կուլ տվել, սպասում են` այ հիմա փող դուրս կտա: Հասկանում եք` տրամաբանություն չկա: Դրանք կարող են կուլ տալ 50 000, ու դու կարող ես չհաղթել, այ կարող ես հաղթել, խաղալով 5 լարի: Ախալքալաքում շատերի խաղային սարքավորումները սեփական չեն, դրանք վերցնում են վարձակալության ու մոտավորապես շահույթի 20 տոկոսը տալիս են սեփականատիրոջը: Մեզ մոտ այդ բիզնեսը արդեն շահութաբեր չի, քանի որ դրանք շատացել են և դա կապված են մեծ ռիսկերի հետ», – պատմում է մեր աղբյուրը:

Ախալքալաքի խաղային հաստատությունների հաճախորդների տարիքը տարբեր է. սկսած 18-ից մինչև 70 տարեկան է, շատ խաղամոլներ գալիս են գյուղերից, բայց Ախալքալաքում էլ դրանք քիչ չեն:

«Կան մշտական խաղացողներ, բախտավորներ, ովքեր կարող են պարտվել, պարտվել, ու հետո հաղթել: Տարբեր մարդկանց արձագանքները այլ կերպ են: Լուրջ մարդիկ կարող են պարտվել 10 000 ու հանգիստ հեռանալ` ասելով մնաս բարով: Մանր խաղացողները կարող են պարտվել 5 լարի ու խփել սարքավորմանը, ջարդել այն: Ցանկացած սարքավորում արժի մոտավորապես 30 000 եվրո, եթե խաղամոլը ջարդում է սենսորային էկրանը. վերջ. այդ մարդը կորած է … Շատերը գիտակցում են, որ դա վատ է, հիմնականում դրանք փորձառու խաղացողներն են, իսկ սկսնակները ասում են, երբ ցանկանամ` կդադարեմ խաղալուց, երբ գլխի են ընկնում` դա արդեն անհնար է: Նրանք ովքեր դադարել են լինել խաղամոլ, դրանց թիվը կարելի է հաշվել մատներով, լինում են պահեր` երբ նրանք սկսում են նորից խաղալ», – պատմում է կազինոյի աշխատակիցը:

Ինչպիսի հաճախականությամբ են գալիս խաղամոլները` կախված է նրանից, թե ունեն փող և ինչքան հաճախ են գյուղից քաղաք գալիս: Կան նաև այնպիսիները, ովքեր քաղաք գալուն պես. առաջին վայրը ուր մեկնում են դա խաղային դահլիճներն են: Դա նույնն է, ինչ սիգարետ ծխելը: Չեն կարող հրաժարվել: Ինչպես պատմում են կազինոյում աշխատող աղբյուրները, հաճախ լինում է այնպես, գալիս են որևէ գյուղից 7-8 մարդիկ, մեկը ընդհանրապես չի եղել քաղաքում, մյուսը չի տեսել խաղային սարքավորում: Մեկը խաղում է, մյուսները նայում են: Հաջորդ անգամ արդեն նայողները իրենք են խաղում:

«Միշտ ընդհակառակն է, երբ մարդը առաջին անգամ է խաղում, հիմնականում միշտ հաղթում է: Դա բացատրել անհնար է: Մեզ մոտ ոմանք գալիս են ինչպես աշխատանքի: Որոշակի գումարով գալիս են, պարտվում` հեռանում են, իսկ եթե հաղթում են, մնում են, ոմանք թաքնվում են: Խաղացողների ծնողները հաճախ են գալիս, բայց չեն կռվում, բայց ձգտում են համոզել, որ մենք նրանց չթողնենք խաղատուն, բայց մենք հասարակ աշխատակիցներ ենք, ինչպես կարող ենք չթողնել մարդուն», – պատմում է կազինոյի աշխատակիցը:

Ախալքալաքի համար սովորական «պարտքովը» տեղական կազինոյում չի գործում: Մարդիկ խաղում են. ինչ որ ունեն գրպանում, բայց կան դեպքեր երբ մարդիկ խաղում են պարտքով, հետո գնում են Ռուսաստան աշխատելու` պարտքը փակելու համար:

Թբիլիսցի IT մասնագետի խոսքով, ում անունն էլ չենք նշում, բոլոր խաղատները վերահսկվում են պետության կողմից:

«Կենտրոնական համակարգչում տեղադրված է հաճախորդների բազան: Ընդունարանում մոնտաժված է տեսախցիկ, անձնակազմը հաշվառում է կազինոյի բոլոր օգտվողներին. անձնագրային տվյալներ, ծննդյան ամսաթիվ, անձնական համար, ով որքան է հաղթել, լուսանկարը և այլն: Այդ ամենը մտնում է բազայի մեջ, պահպանվում է մշտապես` պահանջները այդպիսին են: Դա հարկերի համար չի, այլ սովորական տեղեկատվություն` ամբողջական վերահսկողության համար: Այսինքն միշտ աշխատում են տեսախցիկները. ցանկացած պահի կարող են գալ ու ստուգել. արդյոք ամեն ինչ նկարահանվում է, եթե ոչ… Մեծ տուգանքներ են. առաջին անգամ 2000, երկրորդ անգամ 6000 լարի, իսկ երրորդ անգամ 18000 լարի: Կազինոյի եկամուտը մենք երազում էլ չենք տեսել: Ձեր փոքրիկ քաղաքում լավ փողեր են պտտվում, այն էլ շատ լավ», – պատմում է ծրագրավորողը:

Նրա խոսքով Վրաստանի մեծ քաղաքներում խաղամոլեր են ժամանում հարևան մահմեդական երկրներից, որտեղ կազինոն արգելված է օրենքով: Տեղում էլ խաղային բիզնեսը ունի մեծ նշանակություն երկրի բյուջեի համար, բացի պաշտոնական հարկից, կազինոյից բավականին մեծ գումարներ են վերցվում:

«Ադրբեջանցու համար պարտվել մեկ միլիոն` դա զվարճանք է: Այնտեղ արգելված է. թուրքերն էլ են մեզ մոտ խաղում, այնտեղ նույնպես չի կարելի: Կազինոյի եկամուտը` օրական տասնյակ միլիոններ են: Վրաստանի բյուջեի կեսը ֆինանսավորվում է խաղային բիզնեսից: Շինարարությունը ֆինանսավորում է խաղային բիզնեսը: Բյուջեից բացի` սև կանխիկով կազինոյից տանում են 30 տոկոս շահույթը», – պատմում է ծրագրավորողը:

Խաղային բիզնեսը զարգանում է: Շատ անգամ ծնողները կամ բարեկամները ստիպված են լինում փակելու իրենց հարազատների պարտքերը: Նրանք ստիպված են լինում ծախել ամեն ինչ, որ հավաքել են տարիներով, մտածելով` որ դա վերջին անգամն է…

Քրիստինե Մարաբյան