Ոչ մի ապացույց չկա, որի հիման վրա կարելի է եզրակացնել, որ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն կամ Ավթանդիլ Ծերեթելին կատարել են հանցագործություն, որը կապված է փողերի լվացման հետ, ինչպես անհատապես, այնպես էլ որպես հանցակիցներ: Այս մասին ասվում է միջազգային անկախ փորձագետի եզրակացության մեջ, որը վարձվել է «Transparency International»-ի վրացական մասնաճյուղի կողմից՝ աղմկոտ գործը ուսումնասիրելու համար:
«TBC Bank»-ի հիմնադիրներին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել 2019 թվականի հուլիսի 24-ին՝ 16 664 միլիոն դոլար ապօրինի եկամուտների օրինականացման համար: Ըստ հետաքննության՝ միջոցների ապօրինի փոխանցումներն իրականացվել են 2008 թ.-ին: Դատարանը հուլիսի վերջին յուրաքանչյուր բանկիրի համար որպես խափանման միջոց ընտրել էր 700 հազար լարի գրավ, բացի այդ, նրանց արգելվել էր լքել երկիրն առանց դատախազության թույլտվության: Ավելի ուշ դատարանը գրավադրել էր նաև Խազարաձեի և Ջափարիձեի բանկային հաշիվները:
Սկանդալի երրորդ «հերոս» անձը՝ Ավթանդիլ Ծերեթելին էր դարձել, «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելիի հայրը: Օգոստոսի 22-ին, Վրաստանի Գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման մեջ օժանդակելու առթիվ: Օգոստոսի 27-ին, Ծերեթելիի նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանն ընտրել էր 500 հազար լարիի չափով գրավի վճարում:
Խազարաձեն և Ջափարիձեն սկսված հետաքննությունը համարում են քաղաքականապես մոտիվացված: Նրանք բազմիցս մեղադրում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և դրա հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին այն բանի համար, որ նրանք փորձում են խոչընդոտել Անակլիայում խորջրյա նավահանգստի նախագծի իրագործմանը: Նախագիծը ներկայումս սառեցված է, բայց մինչև 2019-ի վերջը այն ղեկավարվում էր կոնսորցիումի կողմից, որում ներառված էր նաև «TBC Bank»-ը:
«TI Georgia»-ն այս աղմկահարույց գործն ուսումնասիրելու նպատակով վարձել է Ավստրալիայի Իրավաբանների Ասոցիացիայի անդամ, փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ և 30-ամյա աշխատանքային փորձ ունեցող պրակտիկոս փաստաբան՝ Պոլին Դեվիդին:
Նա այցելել էր Վրաստան 2020 թվականի փետրվարի սկզբին՝ հանդիպելով փորձագետների և այն անձնանց, ովքեր ծանոթ էին գործի մանրամասներին, այդ թվում՝ մեղադրյալներին, պրակտիկոս փաստաբաններին և գործարար հանրությանը: Դեվիդը հանդիպել էր նաև Հանրային պաշտպանի և Վրաստանի ազգային բանկի ներկայացուցիչների հետ: Վրաստանի դատախազությունը մերժել էր Դեվիդի հանդիպում անցկացնելու հայցադիմումը, նրան ներկայացնելով մեղադրական կողմից վարձված օտարերկրյա փորձագետների զեկույցը:
Դեվիդը ներկայացրել է «TBC Bank»-ի գործով իր փաստարկները` գրեթե 20 էջանոց զեկույցի տեսքով: «TI Georgia»-ից ներկայացրեցին զեկույցի հիմնական եզրակացությունները:
– Գործում որևէ ապացույցներ չկան, որոնք բացահայտում են վարկի տեսքով ստացված գումարի օրինականացման (փողերի լվացման), գումարի «ապօրինի ծագումը» կոծկելու կամ ստացված փողերը օրինական տնտեսության մեջ ինտեգրելու մտադրությունները:
Դրանից ելնելով՝ նույնիսկ, եթե դատարանը ճանաչի գործի բոլոր փաստերը հօգուտ մեղադրական կողմի, այդ հանգամանքները միևնույն է չեն հաստատի փողերի լվացման մեղադրանքը:
– Դեվիդը պարզաբանում է, որ փողերի լվացումը և նախորդող (պրեդիկատ) հանցագործությունը (այս դեպքում՝ ապօրինի յուրացումը) տարբեր հանցագործություններ են:
Նախորդողի ապացույցները փողերի լվացման ապացույց չեն հանդիսանում: Այն դեպքում, եթե մեղադրող կողմն ապացուցի գույքի ապօրինի յուրացման հանցագործությունը, ցանկացած հաջորդ գործողություն միայն կամրապնդի ապօրինի ձեռք բերված եկամուտներն օգտագործելու փաստը, բայց ոչ լվացումը: Այս փաստերը չեն կարողանա հաստատել փողերի լվացման մեղադրանքը:
«Միջազգային մակարդակով դատարանները դատապարտում են փողերի լվացման հետապնդման պրակտիկան, երբ ենթադրաբար կատարված արարքը դուրս չի գալիս նախորդող (պրեդիկատ) հանցագործության սահմաններից», – ասվում է փորձագետի եզրակացություններում:
– Ինչ վերաբերում է ապօրինի յուրացմանը, ապա ըստ Դեվիդի, «TBC Bank»-ի գործով այն չի կարող դիտարկվել որպես առանձին հանցագործություն և չի կարող ապացուցվել որպես հիմնական հանցագործություն՝ սահմանված վաղեմության ժամկետի պատճառով:
«Վաղեմության ժամկետից խուսափելու պատճառով փողի լվացման համար անձի քրեական հետապնդումը դատական գործընթացի չարաշահում է, ինչը հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ապահովում են բոլոր մեղադրյալների իրավունքների պաշտպանությունը», – նշում է փորձագետը:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից