Ախալքալաքում Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Սամցխե-Ջավախքում և Ծալկայում Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Բաբգէն Սալբիյանին իր պաշտոնում վերականգնելու խնդրանքով:
«Աստված օգնական, Վեհափառ Տեր», – այսպես է սկսվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալների ֆեյսբուք սոց. ցանցում տարածված նամակն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Նամակում նշվում է. «ցանկանում ենք մեր մտորումներն ու սրտի խոսքը փոխանցել Ձեզ մեր հոգևոր կյանքը խաթարող վերջին մտահոգիչ դեպքի կապակցությամբ»:
«Արդեն մի քանի օր է մենք՝ Հայ Եկեղեցու զավակներս, ինչպես նաև տարբեր խավի մարդիկ. պատգամավորներ, բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ, բիզնեսմեններ և շարքային քաղաքացիներ, հավատացյալ մարդիկ հոգեկան ցնցումների և շփոթմունքի օրեր ենք ապրում մամուլից տեղեկանալով, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Այն որքան անսպասելի էր մեզ համար, նույնքան էլ անհասկանալի, միևնույն ժամանակ, վրդովեցուցիչ ու տխրեցնող: Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն աչքի է ընկնում իր օրինակելի պահվածքով, բարեպաշտությամբ և խորը հավատքով: Նրա հետ ունեցած մեր ամեն մի զրույցն ամրապնդում է մեր հավատքը, հարստացնում մեր կրոնական գիտելիքները: Հենց նրան հաջողվեց ամրապնդել եղբայրական ոգին և բարեկամությունը հայ-վրացական եկեղեցիների միջև» – նշվում է նամակում:
Նամակում նաև նշվել է խնդրանք` թողնել Սամցխե-Ջավախքում և Ծալկայում Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Բաբգէն Սալբիյանին իր պաշտոնին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանի ողջ թեմն է այսօր մտահոգված մեր հոգևոր կյանքի խանգարված վիճակով, որ մեր հոգևոր կյանքի վերաբերյալ հարցերն առանց հոգևոր հովվի հետ քննարկումների կարող են հանգեցնել բազում հավատացյալ մարդկանց օտարացմանը եկեղեցուց, խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը, այնպիսի վճիռ կայացնել, որը կարողանա բուժել հավատացյալների հոգում առաջացած վերքերը: Ցանկալի է, որպեսզի նմանօրինակ կարևոր ժողովին մանակցեին նաև մեր հասարակության ներկայացուցիչները, որպեսզի մենք էլ կարողանայինք մեր կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ, քանզի այն անմիջապես վերաբերվում է մեզ և մեր հոգևոր կյանքին: Մենք պատրաստ ենք այս հարցի շուրջ տարբեր մակարդակի հանդիպումներ ունենալ, այդ թվում նաև Ձեզ հետ: Յուրաքանչյուր որոշում կարծում ենք պիտի լինի թափանցիկ, հաշվի առնելով նաև մեր կարծիքը: Մենք հետագայում էլ պատրաստ ենք կանգնելու եկեղեցու կողքին, եթե եկեղեցին էլ կանգնի մեր կողքին, հաշվի առնի յուրաքանչյուրի կարծիքը: Ուստի մեկ անգամ ևս խնդրում ենք, որ Դուք, որպես բոլոր հայերի հոգևոր հայր, դրական լուծում տաք Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հարցին, ինչն էլ կնպաստի, որ հայ հավատացյալն ամուր մնա իր կրոնական համոզմունքների մեջ: Հուսով ենք, որ Հայր Սուրբը կշարունակի մնալ մեզ հետ իր օգտակարությունը բերելով հազարավոր հայորդիներին, ինչի կարիքն այսօր անհամեմատ մեծ է ու անգին:
Հուսով ենք, որ չեք անտեսի Հայ Եկեղեցու զավակներիս թախանձանքը, և Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը չի հեռանա մեզանից, և կնպաստի հազարավոր հայերի հոգևոր զարգացմանը»:
Ֆեյսբուքում այս հաղորդագրությունը տարածվել է ավելի քան 100 անգամ: Յուրաքանչյուր հրապարակումում ախալքալաքցիները գրել են իրենց վերաբերմունքը: Շատ մեկնաբանողներ վարդապետին հեռացնելու որոշումը համարում են սխալ և միանում են նրան իր պաշտոնին վերականգնելու խնդրանքին:
Քրիստինե Մարաբյան