Ճիաթուրայի և Սաչխերեի թեմերի հոգևոր հովիվ, քահանայապետ Թադեոզ Սարալիձեի քարոզը վրդովմունքի ալիք է առաջացրել Վրաստանում:
Ճիաթուրա քաղաքի Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարում Սարալիձեն այլատյացություն պարունակող մի շարք հայտարարություններ է արել: Նա բարձրաձայնել է դավադրության մի քանի տեսություններ՝ ասելով, որ «հայերն ու հրեաները չեն կարող լինել մեր իշխանության մեջ»:
Նա ասել է, որ հայերին ոչինչ չի կարելի տալ՝ հայերին անվանելով «փչացածներ»:
«Ինչ տրված է, քոնն է, իսկ ինչը ոչ՝ կորած է: Դու հո հայ չես, փչացած հայ: Ի՞նչ են ասում հայերը: Ի՞նչ եմ տալիս, ինչո՞ւ եմ տալիս», – ասել է նա:
Նա Սաակաշվիլիին անվանել է Սահակյան, որին դուր չէր գալիս «գողական» գաղափարախոսությունը:
Քահանան, ով ավելի քան 20 տարի ծառայում է եկեղեցում, հավատացյալներին ուղղված իր ուղերձներում նույնպես ռոմանտիկացնում է հանցավորությունը և օրինակ բերում «օրենքով գողերին»: Ավելին, քահանան չի թաքցնում, որ նախկինում ինքը հանցավոր միջավայրի մաս է կազմել:
Սարալիձեն չի հրաժարվել ատելության խոսքից նույնիսկ այն ժամանակ, երբ արտահայտվել է երեխաների դաստիարակության թեմայի շուրջ: Նա դեռահասներին անվանել է «մակաբույծներ», ովքեր «նստում են հեռախոսների վրա» և «պիտանի չեն ոչ սպորտի, ոչ էլ եկեղեցու համար»: «Ավելի լավ չի՞ լինի, որ նրանք փոքր-փոքր մեռնեն, քան մեծանան և ավանակ դառնան», – ավելացրել է նա:
Քահանայապետի կիրակնօրյա քարոզը հեռարձակվել է ֆեյսբուքով: Հազարավոր օգտվողներ չորս օրվա ընթացքում դիտել են տեսագրությունը, հարյուրավոր մարդիկ կտրուկ դատապարտել են Թադեոզ Սարալիձեին, ինչ-որ մեկը նրան նույնիսկ անվանել է «խավարի ծառա»:
Մեկնաբանողների մեծամասնության համար ամենացավոտը երեխաների մասին քահանայի հայտարարություններն են եղել: Ծնողները զարմանք են ապրում, թե ինչպես կարող է հեռավար ուսուցման համատեքստում հոգևորականը մահ ցանկանալ հեռախոսներից և համակարգիչներից կախվածություն ունեցող երեխաներին:
Աստվածաբանները խիստ քննադատության են ենթարկել հոգևորականի հայտարարությունները՝ կոչ անելով Վրաստանի պատրիարքարանին անհապաղ եկեղեցուց վտարել նրան: Նրանք նշել են, որ վերջին շրջանում երկրում քարոզչության մեջ ատելության խոսքի օգտագործումը ավելացել է:
«Ելնելով փաստի ծանրությունից, կարծում եմ, որ անհրաժեշտ է եկեղեցուց հեռացնել նրան [Թադեոզ Սարալիձեին], քանի որ նա տարիներ շարունակ բավականին ապակառուցողական հայտարարություններ է անում», – ասում է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում աղմուկից հետո Ճիաթուրայի և Սաչխերեի Վարդապետ Դանիելը (Դաթուաշվիլի) ստիպված է եղել մեկնաբանել այս թեման: Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսն ասել է, որ ինքը չգիտի, որ Սարալիձեի քարոզները հեռարձակվում են ֆեյսբուքում: Նա խոստովանել է, որ քահանայի դեմ կձեռնարկվեն եկեղեցական օրենքներով սահմանված որոշ պատժամիջոցներ:
«Երբ ես ծանոթացա, այդ ամենն ինձ ընդհանրապես դուր չեկավ… Ինչ վերաբերում է կոնկրետ որոշմանը, մենք գործելու ենք եկեղեցական օրենքների համաձայն», – լրագրողներին ասել է Դաթուաշվիլին:
Անձամբ Թադեոզ Սարալիձեն, լրագրողներին մեկնաբանություններ չի տվել և չի ներկայացել եկեղեցու պատարագներին: Նախորդ օրը նա հայտարարություն էր տարածել Ճիաթուրայի եկեղեցու ֆեյսբուքյան էջում:
Քահանան զղջում է և ներողություն խնդրում իրենից վերադաս եպիսկոպոսից` առանց իր օրհնության, որոշ թեմաների շուրջ քարոզելու համար:
«Այս քարոզը բարեզուսպ չէր, հայտնվել է սոցիալական ցանցում և հասարակության մեջ մեծ վրդովմունք է առաջացրել: Ես ընդունում եմ, որ սխալներ են թույլ տրվել ազգային, սոցիալական և մանկավարժական իմաստով, ինչի պատճառով ես ներողություն եմ հայցում պատրիարքից և ողջ հասարակությունից», – գրել է Սարալիձեն: