«Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության նախընտրական քարոզարշավը Ախալքալաքի շրջանում շարունակվում է: Jnews-ը հետևում է քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:

«Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում հոկտեմբերի 12-ին անցավ խաղաղ մթնոլորտում: Jnews-ը նախօրոք հասավ Աբուլ գյուղ և զրուցեց գյուղամեջում թղթախաղով զբաղված մարդկանց հետ:

Մեզ հետ զրույցում գյուղացիները հաստատեցին, որ իրենց գյուղ արդեն 3 կուսակցություն եկել է քարոզարշավի: Այն հարցին, թե գնալու են արդյոք ընտրության և որ կուսակցությանն են իրենց ձայնը տալու ասացին. «Ով ուզում է լինի, ինչպես եկել է պապական, այդպես էլ կգնա, քաղաքում իրար հետ են կռվում, մեզ են մեղադրում: Ոչինչ էլ չեն անելու, հիմա խոստանում են միայն թե պաշտոն ունենան»:

Գրեթե կես ժամ գյուղացիների հետ զրուցեցինք, հիմնականում նրանք հետաքրքրված չեն առաջիկա ընտրություններով:

agitacia

Սկզբից գյուղ ժամանեցին «Հայրենասերների» պլակատները սոսնձող մարդիկ: Նրանք շտապ-շտապ սոսնձում էին թեկնածուների պլակատները: Բոլորի ձայնը խլացնող ուժեղ միացված երաժշտության ներքո «Հայրենասերները» մոտ 8 մեքենայով ժամանեցին գյուղ:

alians patriod1

«Մտածեք, ում որ կցանկանաք, ձեր խղճի մտոք նրա օգտին էլ քվեարկեք, բայց իհարկե ցանկանում ենք, որ մեր թեկնածուներին ընտրեք», – ահա այս խոսքերով սկսվեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության քարոզարշավն Աբուլ գյուղում:

Կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանին ներկայացրեցին այսպես. «Նրա անցած ուղին բոլորիս է հայտնի, նախկին կոմսոմոլ, 1988-ի շարժման առաջամարտիկներից է, «Ջավախք» ժողովրդական շարժում, ոստիկանապետ, խորհրդարանի պատգամավոր… նրա արածները ամեն մարդ չի կարող գնահատել»:

alians patriod7

Հավաքվածներին խոսքով դիմեց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն: Իրենց կուսակցության նախընտրական քարոզարշավի առանցքը համարելով մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազգային ինքնագիտակցությունը:

«Պետք է հասնենք այն նպատակին, որ ճանաչվի և դատապարտվի այստեղ հայ ժողովրդի ցեղասպանությունը: Անմխիթար վիճակի մեջ ենք մենք, մենք բոլորս գաղթված ենք: Ես ամեն ինչ անելու եմ, որ հայ-վրացական հարաբերությունները ամրապնդվի, իրար հետ ուժեղ լինենք, բայց իմ ազգս իմն է, դուք իմն եք: Այսօրվա դրությամբ ես կոպեկմ փող չունեմ, որ բերեմ բաժանեմ, որ դուք ինձ ձայն տաք», – ասաց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:

alians patriod5

Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև սոցիալական խնդիրներին:

«Դուք ինձ ճանաչում եք, ես եկել եմ ու ձեզ խնդրում եմ, մահակով չեմ խփում, գլուխներդ չեմ պատռում, չեմ վախեցնում, չեմ ասում, ինձ ձայն չեք տա աշխատանքից կհեռացնեմ, ես եկել եմ ու ասում եմ, ահա իմ ծրագիրը և խնդրում է ինձ ձայն տաք: Թող յուրաքնաչյուր քաղաքական ուժ իր անունից խոսի, ոչ թե պետության կամ ընդդիմության», – նշեց քաղաքապետի թեկնածուն:

alians patriod 6

«Հայրենասերների» քարոզարշավն Աբուլ գյուղում տևեց մոտ 50 րոպե: Իսկ, երբ բոլորը նստան մեքենաներն ու հեռացան գյուղից, գյուղի կենտրոնում հավաքված մոտավոր 15 մարդ սկսեցին կրկին թղթախաղ խաղալ: Գյուղացիները jnews-ի հետ զրույցում քարոզարշավին քիչ մարդ ներկա լինելու փաստը բացատրեցին մեկ բառով՝ «անտարբեր ենք»:

alians patriot2

«64 տարեկան մարդ եմ, միշտ նույնն է, փոքր էի մեր գյուղն այս վիճակին էր, դարձա 64 տարեկան, նորից նույնն է: 100 տարվա ընկերոջս ասում եմ ամոթ չես անում, ասում է՝ ինչ ես ասում միայն փորս կուշտ լինի: Պաշտոնյան առաջինը պետք է իմանա, ով է մարդը, ոչ թե մարդը հանգիստ հետը խոսի, ինքը թողնի հեռանա: Աբուլից հասել եմ քաղաք տաքսիով, չեն ընդունե, նորից այդքան տվել հետ եմ եկել, սա եղավ պատմություն: Չգիտեն մարդն ինչ բան է, եկել են ձայն են ուզում: Եթե վերցնենք ընտանիքը, եթե մեկը գլխավոր չեղավ, ուրեմն ընտանիքը տեր չունի, հիմի մենք ենք անտեր ենք, ով է մեր տերը», – ասաց Աբուլ գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Աղունիկ Այվազյան