Վրաստանի նախագահության թեկնածուների գրանցման ժամկետը կավարտվի սեպտեմբերի 8-ին: Այսօրվա դրությամբ գրանցվել է 38 թեկնածու: Իսկ որպես դիտորդ գրանցվել է 5 միջազգային և 34 տեղական կազմակերպություն:
Պետք է նշել, որ Վրաստանի նախագահության համար երբևէ այսքան քանակության թեկնածուներ չեն եղել: Ընտրություններին մասնակցող 18 թեկնածու մասնակցում է նախաձեռնող խմբից, մնացած 20 թեկնածուն տարբեր կուսակցություններից են: Ցուցակում այնպիսի անուններ են, ինչպիսիք են Դավիթ Բաքրաձեն, Դավիթ Ուսուփաշվիլին, Կախա Կուկավան, Գրիգոլ Վաշաձեն, որոնք առաջին անգամ չէ որ մասնակցում են նախագահական ընտրություններին:
Դավիթ Բաքրաձեն մասնակցում է «Ազգային Վրաստանը- շարժում ազատության համար» կուսակցությունից, Դավիթ Ուսուփաշվիլին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Կախա Կուկավան` «Ազատ Վրաստան» կուսակցությունից, Գրիգոլ Վաշաձեն՝ «Միասնական ազգային շարժումից»:
Իրենց թեկնածուներն ունեն նաև այնպիսի կուսակցությոգններ, ինչպիսիք են «Նոր քաղաքական կենտրոն «Գիրչի», «Ազատությունը` Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», «Վրացական ավանդական միությունը», «Վրաց քրիստոնյա-պահպանողական կուսակցությունը», «Նոր քրիստոնյա դեմոկրատներ» և այլն:
Սալոմե Զուրաբիշվիլին իր թեկնածությունն առաջադրել է նախաձեռնող խմբից:
«Վրացական երազանք- ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածուն չի առաջադրել:
Նախագահական ընտրություններին հետևելու համար գրանցվել են 5 միջազգային և 34 տեղական կազմակերպություն:
«Ընտրական համակարգի միջազգային հիմնադրամը» (IFES), «Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI), «Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը» (ISHR), «Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը», «Ռումինիայի մշտական ընտրական վարչությունը»:
Տեղական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ կազմակերպությունները՝ «Քաղաքացիական շարժման միություն – բազմազգ Վրաստանը», «Եվրո-վրացական ինստիտուտը», «Ժողովրդավարական նախաձեռնությունների միջազգային կենտրոնը», «Զարգացման և ժողովրդավարության կենտրոնը», «Հանրային պաշտպանը», «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» «Դեմոկրատական ընտրությունների նոր սերունդը», «Լույս ապագայում», «Միջազգային թափանցիկություն-Վրաստան», «Կանաչ երկիր», «Զարգացման և ժողովրդավարության տարածաշրջանային կենտրոնը» և այլն:
Ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է 9 մեդիա կազմակերպություն:
Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Ախալքալաքի շրջանում կա 37 903 ընտրող, իսկ Նինոծմինդայի շրջանում` 20 874 ընտրող:
Շուշան Շիրինյան