Ախալքալաքում սկսվել է ակտիվ նախընտրական շրջանը, սակայն ակտիվությունը հիմնականում դրսևորվում է ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների վրա ճնշումների մասին հայտարարություններով, որոնց արդյունքում նրանք հանում են իրենց թեկնածությունը: Այսօր ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածուների վրա ճնշումների մասին:

Ախալքալաքում կուսակցության ներկայացուցիչ և քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանի խոսքով, ինքը ճնշումների մասին իմացել է լրատվամիջոցներից:

«Իհարկե, նման բաներ տեղի են ունենում, դա զարմանալի չէ: Բայց դեռ խուճապի կարիք չկա: Պատահում է, որ թեկնածուներն են հրաժարվում: Մեզ մոտ հրաժարվել են ոչ կրիտիկական թվականակով թեկնածուներ: Առայժմ 1-2 հոգի, սա դեռևս խնդիր չէ: Ինձանից ԶԼՄ-ները հետաքրքրվել էին, ես պատասխանել էի, որ մենք սովոր ենք նման պայմաններում աշխատել: Ամեն ընտրության ժամանակ մենք ունենք նման իրավիճակ: Ազդում են հանձնաժողովի անդամների, թեկնածուների վրա, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում: Լինում է, որ մարդուն փոխարինելն անհնար է: Օրինակ, եթե հանձնաժողովում կարող ես, ապա ըստ համամասնական ցուցակների չես կարող՝ կան ժամկետներ: Մենք այդ առումով հաշվարկներ կատարեցինք: Մենք ունենք ցուցակ պահեստայինով: Իսկ թե ում վրա է եղել ճնշումը, ապա ես չեմ կարող Ձեզ ասել: Ես նրանց խոստացել եմ այդ մասին չխոսել: Եթե նրանք ցանկանային, ես կասեի, դա մեզ համար ձեռնտու կլիներ, բայց քանի որ նրանք չեն ցանկանում, ես նրանց անհարմարություն չեմ պատճառի», – Jnews-ի հետ զրույցում ասաց Արսեն Կարապետյանը:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունն Ախալքալաքում ունի քաղաքապետի թեկնածու, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ութ թեկնածու և կուսակցական ցուցակներով ավելի քան 40 թեկնածու:

Հիշեցնենք, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում իրենց թեկնածուների վրա ճնշումների մասին արդեն հայտարարել են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունները: