«Վրացական երազանք» կուսակցության նախընտրական քարոզարշավը Ախալքալաքի շրջանում ակտիվ փուլում է: Jnews-ը հետևում է քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում հոկտեմբերի 7-ին անցավ խաղաղ մթնոլորտում: Մինչ «Երազանքը» Էխտիլա գյուղից կհասներ Բարալեթ, Jnews-ը փորձեց զրուցել գյուղացիների հետ: Գյուղամեջում հավաքված երեք ծերունիներ նարդի էին խաղում և սպասում «երազանքի» գալստյանը:
Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղ ընդամենը երկու կուսակցություն է եկել քարոզարշավի: Իսկ այն հարցին, տեղյակ եք, թե երբ են ընտրությունները և ամսի քանիսին վերջինս հստակ պատասխանեց. «Նոյեմբերի 21-ին, եկող ամիս են ընտրությունները: Գնալու եմ ընտրության, բայց դեռ չեմ որոշել ում օգտին եմ քվեարկելու»:
Գյուղում 20 րոպե շրջեցինք, սակայն հատուկենտ մարդկանց էինք հանդիպում, որովհետև օրը տաք էր և մարդիկ դաշտերում զբաղված էին կարտոֆիլի բերքահավաքով:
Մոտ 30 մեքենա միանգամից գյուղ եկավ: Մեքենաներից յուրաքանչյուր դուրս եկողը հստակ գիտեր իր անելիքն ու ասելիքը: Մեկը շտապ «Վրացական երազանքի» տեղեկատվական թերթոններն էր բաժանում, մյուսը կուսակցության դրոշներն ուղղում, իսկ թեկնածուները իրենց տեղն էին զբաղեցնում:
Բարձրախոսից հնչեց հետևյալ խոսքերը. «Հոկտեմբերի 21-ին, մենք՝ բարալեթցիներս մեկ մարդու նման պետք է գնանք ընտրության և մեր քաղաքացիական պարտքը կատարենք»:
«Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Յուրիկ Ունանյանին, ով ծնունդով Բորժոմի Չխարոլա գյուղից է, ներկայացրեցին այսպես. «Բարալեթցիներս գիտենք ինչ է նշանակում լինել չխարոլացի, չխարոլացի լինելը դա նույնն է, ինչ բարալեթցի, Բարալեթ-Չխարոլա բոլորիս պարզ է՝ նույն լեզուն, նույն խոսակցականը և նույն մարդիկ, մենք մեկ ենք»:
Ներկաների ծափողջյունների ներքո բարձրախոսը վերցրեց թեկնածուն, ով իր խոսքում վստահություն հայտենց, որ «Վրացական երազանքը» միակ կուսակցությունն է Վրաստանում, որ աշխատում է:
«Սա այն կուսակցությունն է, որ միշտ իրագործում է իր ծրագրած անելիքը, իմ սիրելի ժողովուրդ, հոկտեմբերի 21-ը ընտրության օրն է, բոլորիդ կոչ կանեի, որ միասին ժամանակ գտնենք և մտնենք ընտրատեղամաս: Եվ այնտեղ մեր ձայնը տանք նշածս կուսակցությանը, որը գտնվում է համար 41-ի տակ և մեր ձայները տայինք նրա կողմից առաջադրված թեկնածուներին: Ես կարող էի երկար խոսել, թե ինչպիսի ծրագրեր կան մեր կողմից մշակված և ինչ անելիքներ ունենք մենք այս 4 տարիների ընթացքում: Ես կոչ եմ անում սատար կանգնել Վրաստանի «Երազանք» կուսակցությանը», – բարալեթցիներին ուղղված իր խոսքում ասաց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրիկ Ունանյանը:
Միաժամանակ հավաքվածներին շնորհակալություն հայտնելով, որ աշխատանքային եռուզեռի մեջ ժամանակ են գտել և եկել քարոզարշավին մասնակցելու:
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզարշավին պարտադիր մասնակցում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա նախ հավաքվածներին ներկայացրեց իշխանական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին, հետո խնդրեց բնակչության մոտենալ և գրանցել գյուղում առկա խնդիրները, որպեսզի դրանց հետագայում լուծում տրվի:
«Մեկ օր կանգնեք մեր կողքին, մենք խոսք ենք տալիս, 4 տարի ձեր կողքին կկանգնենք: Ախալքալաքի բյուջեն հասել է 18 մլն-ի, մենք պետք է աշխատենք, իսկ ժողովուրդը՝ պահանջի, դուք պահանջեցեք և մենք կկատարենք», – իր խոսքում նշեց պատգամավոր Հենզել Մկոյանը:
Բարալեթի հայկական դպրոցի տնօրենը բարձրացրեց դպրոցի խնդիրները, առանձնացնելով կենտրոնական ջեռուցման և գազաֆիկացման խնդիրը: Որոշ գյուղացիներ խոսեցին վերջերս ասֆալտապատված գյուղամիջյան ճանապարհի անորակույունից և խնդրեցին անպայման հետիոտնի համար նախատեսված հատվածը կարգի բերել:
«Երազանքի» քարոզարշվը Բարալեթ գյուղում տևեց 30 րոպե: Իսկ երբ բոլորը նստան մեքենաներն ու հեռացան գյուղից, գյուղի կենտրոնում մնաց կանգնած մոտավոր 15 մարդ: Բնակիչները jnews-ի հետ զրույցում քարոզարշավին գյուղից ընդամենը մոտավոր երկու տասնյակ մարդ ներկա գտնվելու փաստը բացատրեցին դաշտային աշխատանքներով:
63 տարեկան մի մարդ, ով չցանկացավ ներկայանալ մեզ ասաց. «Անցած տարի էլ խոստացան, որ մեր հարսանյաց տան աթոռները կփոխեն, բայց չարեցին: Մենք գյուղացիներս ենք 10-ական լարի հավաքել ու աթոռ գնել: Չորս որդի ունեմ, չորսն էլ Ռուսաստան են գնում աշխատելու, հիմա ում օգտին քվեարկե՞մ»:
Աղունիկ Այվազյան