Ո՞ւմ օգտին կքվեարկի Ջավախքը: Այս տարի, առավել քան երբևէ կուսակցությունները հոգացել են Ախալքալաքում նախընտրական իրավիճակի ստեղծման մասին:
Պետական հիմնարկների, սեփական տների ճակատային հատվածում, տրանսպորտի վրա թեկնածուների դեմքերն են, որոնք ախալքալաքցիներին ավելի լավ կյանք են խոստանում:
2014 թ.-ի մարդահամարի տվյալներով, Վրաստանում 168 հազար հայ է ապրում, և մեծ մասը՝ հենց Ջավախքի շրջանում, որի կենտրոնը Ախալքալաքն է:
Վրաստանում հայկական համայնքն ավանդաբար քաղաքականապես պասիվ է: Տարածաշրջանում մասնակցությունն ընտրություններին միշտ ցածր է եղել, իսկ քվեատուփերին մոտեցած քաղաքացիները միշտ քվեարկել են իշխող քաղաքական ուժի օգտին՝ նման կերպ արտահայտելով իրենց հավատարմությունը պետությանը:
Սակայն 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին, ի զարմանս շատերի, ընդդիմությունը Ջավախքից շատ ձայներ ստացավ:
Արդյո՞ք նախադեպը տենդենց կդառնա: Դա ցույց կտան առաջիկա ընտրությունները, որոնք կանցկացվեն Վրաստանում հոկտեմբերի 8-ին:
Խորհրդարանական ընտրություններին 29 քաղաքական սուբյեկտ է մասնակցում, սակայն նրանցից միայն 6-ն իրենց թեկնածուն ունեն Ախալքալաքի ընտրական շրջանում:
Նրանցից «ամենատիտղոսակիրը» Հենզել Մկոյանն է՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուն Ախալքալաքի ընտրատարածում:
Մկոյանն արդեն 5-րդ անգամ է իր թեկնածությունն առաջադրում Վրաստանի խորհրդարան: Նա խորհրդարանի անդամ է 1999 թ.-ից ի վեր, և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի կուսակցություն փոխել՝ 2012 թ.-ին նա ընտրվել է որպես «Միասնական ազգային շարժման» թեկնածու, սակայն այդ կուսակցության պարտվելուց հետո անմիջապես համալրել է իշխող «Վրացական երազանքի» շարքերը:
Ախալքալաքում խորհրդարանական ընտրությունները կատակով նույնիսկ նրա անունով են կոչում` «Հենզելի ընտրություններ»:
Այլ քաղաքական ուժերի թեկնածուները նույնպես թարմ դեմքեր չեն, ինչը խոսում է այն մասին, որ չնայած դրական տենդենցին, որը տեղի ունեցավ 2012 թ.-ին, քաղաքական կուսակցություններն առանձնապես հոգ չեն տանում Ջավախքում իրենց քաղաքական կապիտալի թարմացման համար:
Միաժամանակ, պատմության մեջ առաջին անգամ երկու անկախ թեկնածուներ, որոնք որևէ կուսակցության անդամ չեն, կփորձեն խորհրդարան անցնել:
«Կարծում եմ՝ իշխանությունների հետ մրցակցելու իրական շանս է հայտնվել, ինչը առաջ չկար: Սառույցը շարժվեց: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ թեկնածուների միջև պայքարը ֆորմալ բնույթ էր կրում, այժմ ձայների համար իսկական պայքար է գնում: Ընդդիմությունը շանսեր ունի», – ասում է նրանցից մեկը՝ անկախ թեկնածու Արտաշես Փալանջյանը:
Վրաստանում 73 միամանդատ ընտրատարածք կա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ազգային փոքրամասնությունները նրանցից 12-ում մեծամասնություն են կազմում: Այդ տարածքներում բանկչությունը առավելապես հայկական կամ ադրբեջանական է:
73 մանդատի հավակնող ավելի քան 850 մեծամասնական թեկնածուներից 12-ն էթնիկ հայեր են: Փոքրամասնական ընտրական համակարգով թեկնածուներից 6-ը հայեր են:
Ներկայիս խորհրդարանում 3 էթնիկ հայ կա՝ Ռուսլան Պողոսյանն ու Հենզել Մկոյանը «Վրացական երազանքից» և անկուսակցական Սամվել Պետրոսյանը:
Բոլոր երեք պատգամավորները խորհրդարանում եղած իրենց տարիներին ակտիվությամբ աչքի չէին ընկնում: Հենզել Մկոյանը 4 տարվա ընթացքում ոչ մի անգամ խորհրդարանական ամբիոնի մոտ չի եղել: Պողոսյանը երկու անգամ է մոտեցել խոսափողին, իսկ Պետրոսյան այն 20 պատգամավորների շարքում է, որոնք ամենաքիչն են եղել խորհրդարանական նիստերին:
«Միայն ընտրություններին են մեզ հիշում, մենք ամենահայտնի բրենդն ենք դառնում, իսկ մինչ այդ բարևում ես նրանց, չեն պատասխանում, իսկ հիմա գալիս ու անխտիր բոլորի ձեռքը սեղմում են», – ասում է Ախալքալաքի բնակիչ Հայկ Մանուկյանը:
Գործազրկության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ գլխավոր նախընտրական խոստումները, որոնք թեկնածուները բաժանում են քարոզարշավի ընթացքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու առանց վիզայի ռեժիմի չեղարկումն են:
Ջավախքի համար, որտեղ տղամարդկանց 80 տոկոսն ընտանիքը պահելու համար ամեն տարի մեկնում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի, սա գրավիչ առաջարկ է:
Նունեին ու նրա հարևան Անահիտին հանդիպեցինք կարտոֆիլի դաշտում՝ Կարծախ գյուղում:
«Ամեն տարի մեկը գալիս ու խնդրում է, որ իրեն ընտրենք: Եվ այդպես շարունակ, սակայն ոչինչ չի փոխվում», – ասում է Նունեն: Նրա ամուսինը Կրասնոդարում է, աշխատում է ճանապարհային շինարարությունում:
Կարծախը Թուրքիային սահմանակից գյուղ է: Մարդիկ այստեղ մինչև հիմա աթար են վառում ձմռանը տունը տաքացնելու համար: Թվելով գյուղի խնդիրների երկար ցանկը՝ նրանք հիմնական շեշտը դնում են խմելու ջրի խնդրի և բնական գազի բացակայության վրա: Մինչև հիմա այս գյուղում ջուրը դույլերով ու ավանակների օգնությամբ են բերում:
«Եկան թանկ մեքենաներով, ինչ ասես խոստացան, անձնագիր խնդրեցին… Իսկ ես լուռ լսում եմ ու ասում՝ ես ջուր եմ ուզում, աչքերիս առջև մթնել է: Ասացի՝ գնացեք – ասեք, որ մենք ջուր չունենք, մարդիկ այստեղ մահանում են: Ամբողջ օրը կարտոֆիլ ենք հավաքում, իսկ երեկոյան հոգնած ու ջարդված ջուր ենք կրում, որպեսզի լողանանք նոր քնենք», – ասում է 47-ամյա Անահիտը:
Հոդվածը արտատպված է jam-news.net տեղեկատվական պորտալից: