Վիրահայոց թեմի առաջնորդը հակադարձում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին: Գումբուրդոյի Սուրբ Համբարձման եկեղեցին վրացական է:
Սրբազան հայր, արդեն մեկ շաբաթ է անցել Գումբուրդոյի իրադարձություններից: Այսօր, որն է գումբուրդոցիների պահանջը:
Բոլորը գիտեն գումբուրդոցիների խնդրանքը, կարևոր է, որ Վրաստանի պետությունը անմիջապես անդրադարձավ այս խնդրին ամենայն պատասխանատվությամբ և նույնը՝ վրաց պատրիարքարանը: Եվ մենք արդեն երկու կարևոր պաշտոնական հանդիպում ունեցել ենք պատրիարքարանում և ահավասիկ երրորդը տեղի ունեցավ այստեղ (խմբ. Ախալքալաքում), որին մասնակցեցին տեղական իշխանության ներկայացուցչիները, պատգամավորները և Գումբուրդո գյուղի ներկայացուցիչները: Որոշվեց, որ մենք այսօր գնանք գյուղ ժողովրդի հետ խոսենք և ասենք, որ ոսկորները եկեղեցու բակում ենք հուղարկավորելու և վրան գերեզմանաքար-հուշաքար դնելու: Նվազագույնը երկու-երեք տարի կտևի տապանաքարի տեղադրումը: Մինչև եկեղեցու վերականգնողական աշխատանքները ավարտվեն:
Սրբազան, եթե հնարավոր էր խաչքարի տեղադրումը, ինչու տեղի ունեցավ այս միջադեպը, որն էր խնդիրը:
Կարծում եմ, կոմունիկացիայի խնդիր է եղել, ինֆորմացիան տեղ է հասել միջնորդավորված:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչ կասեք այդ մասին:
Մենք այսօր էլ կրկնում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին երբեք հավակնություն չի ունենա վրացական այս եկեղեցու նկատմամբ: Ես ձեր տան նկատմամբ կարո՞ղ եմ հավակնություն ունենալ: Այո, ես կարդացել եմ նրա հայտարարությունը: Դա ապացուցված է, որ վրացական եկեղեցի է և Սամվել Կարապետյանն էլ շատ լավ գիտի, որ դա վրացական եկեղեցի է: Եթե վրացական չէր, 19-րդ դարի սկզբին ինչու՞ էր Էջմիածնի սինոդը խնդրում Վրաստանի սինոդին, որ արևմտյան գավիթը թույլ տան ժամանակավորապես դարձնեն հայկական աղոթատուն:
Իսկ գյուղացիք տեղյակ են, որ եկեղեցին վրացական է:
Գյուղացիներն էլ են տեղյակ և բոլորն էլ տեղյակ են: Եթե մենք ցանկանում ենք, որ վրացական կողմը նաև ինքն էլ ազնիվ լինի մեզ հետ, որ հայկական եկեղեցիները կոչի հայկական, ուրեմն մենք պիտի ազնվություն դրսևորենք և իրենցից էլ պահանջենք:
Աղունիկ Այվազյան