Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցածին և Վրաստանի պատրիարքարանի եւ Վիրահայոց թեմի համատեղ հայտարարությանը:
Հուշարձանագետը խոսում է Վրաստանի Ուղափառ եկեղեցու դերի և ներգրավվացության մասին Վրաստանի պետական քաղաքականության մեջ: Նաև նա ներկայացնում է Գումբուրդոյի եկեղեցու մասին:
«Ճարտարապետական հիասքանչ կառույցը վեր է հառնել Ժ դարում, որպես եպիսկոպոսանիստ եկեղեցի, այսինքն` երկրամասի ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ, թեմի կենտրոնատեղի: Կառուցվել է տարածաշրջանում ի դեմս Բյուզանդիայի և Վրաստանի ուղղափառության վերելքի և նրա ունեցած ամենամեծ ազդեցության ժամանակաշրջանում, հոծ զանգվածներով ուղղափառ դավանանքի հետևորդ դարձած Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում: Շուրջ երեք հարյուր տարի այս եկեղեցին (ինչպես և նույն ժամանակաշրջանում կառուցված տարածաշրջանի բազմաթիվ այլ եկեղեցիները) գործել է որպես ուղղափառ: Սակայն, ԺԳ դարի վերջերից պայմանավորված հավատակից երկու երկրների` առաջին հերթին Բյուզանդիայի թուլացմամբ և ապա անկմամբ ու նաև Վրաստանի թուլացմամբ և մանր թագավորությունների` տրոհմամբ, արդեն ԺԴ-ԺԵ դարերում Սբ. Համբարձման եկեղեցին դադարել է գործել որպես ուղղափառ եկեղեցի: Կառույցի շուրջ (և ընդհանրապես գյուղի ողջ տարածքի զանազան հնավայրերում) առկա ԺԴ-ԺԷ դարերին վերաբերող խաչքարերը, որոնք կոտրված կամ ամբողջական տեղահան դրությամբ պահպանվել են հուշում են, որ եկեղեցու շուրջ ուշ միջնադարում գոյացել էր հայոց գերեզմանոց: Ինքնին հասկանալի է, որ հայոց գերեզմանոցը կարող էր գոյանալ միմիայն հայ առաքելական եկեղեցու շուրջ, իսկ ինչպես հայտնի է Ժ դարում կառուցված եկեղեցին ի սկզբանե եղել է ուղղափառ: Ուրեմն ի՞նչ էր տեղի ունեցել: Իրականում տեղի է ունեցել այն, ինչին ականատեսն ենք հյուսիսային Հայաստանի զանազան այլ բնակավայրերի եկեղեցիներում և վանքերում, այսինքն` ուղղափառության անկման ժամանակաշրջանում, երբ այլևս այդ դավանանքի հետևորդ մնալը հայերի համար ոչ մի առավելություն չէր ապահովում (այլևս «պրիստիժ» չէր), տեղի է ունեցել զանգվածային դարձ` դեպի հայ առաքելական եկեղեցին, որի արդյունքում անշուշտ նաև Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցին է վերաօծվել առաքելական եկեղեցու ծիսակարգով, որից հետո էլ եկեղեցու շուրջ` համաձայն հայ առաքելական եկեղեցիների ծիսակարգի սկզբնավորվել է հայոց գերեզմանոցը:
Որ Կումուրդոյի բնակիչները գոնե ԺԴ-ԺԵ դարերից ի վեր առաքելադավան հայեր էին վկայում են ոչ միայն եկեղեցու շուրջ եղած հայոց գերեզմանոցը, այլև 1595 թ. թուրքական հարկացուցակները, որտեղ հիշված են հայկական շրջանակներում տարածված բազմաթիվ անձնանուններ: Ի դեպ, Կումուրդոն Ջավախքի սակավաթիվ այն գյուղերից է, որ 1829-30 թթ. Բարձր Հայքից փոխադրված հայերի մի մասի այստեղ հաստատվելու պահին ուներ բնիկ հայ բնակչություն (երլականներ, այսինքն` տեղացի հայեր), որոնց որ նույնիսկ մինչև մեր օրերում ճանաչում են ըստ ազգատոհմերի:
Իհարկե որոշակի նորոգություններից հետո (մասնավորապես եկեղեցու արևմտյան խաչաթևը փայտամածով ծածկելը, հյուսիսային կողմում մկրտարան տեղադրելը և այլն) 1830-ական թթ. այս եկեղեցին ևս մեկ անգամ օծվել է և գործել ևս համարյա մեկ դար (մինչև 1920-ական թթ. կեսերը), որից հետո չի գործել, բայց մշտապես մնացել է տեղացիների հոգածության ներքո: Ի դեպ, եկեղեցամերձ գերեզմանոցում էլ թաղումները շարունակվել են նաև ԺԹ դարում և 1900-ականների սկզբներին», – գրում է Սամվել Կարապետյանը: