Դեկտեմբերի 9-ին, Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ երկու խաչքարի օծում և եկեղեցու բացում: Սուրբ Սարգիս եկեղեցին այսուհետ եզակիներից է Ջավախքում, որ զարդարված է որմնանկարներով:

Այսօր Դիլիսկա գյուղում սովորականից ավելի մարդաշատ էր: Ինչպես գյուղացիները նշեցին, օրը եռակի տոն է իրենց համար: Միանգամից երկու խաչքար օծվեց և եկեղեցին հերթական վերանորոգումից հետո առանձնահատուկ շքեղությամբ իր դռները բացեց հավատավոր ժողովրդի առջև:

Վիրհայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասի ներկայությամբ տեղի ունեցավ խաչքարերի օծման պատմական արարողությունը: Ընդամենը մեկ օր տարբերությամբ, ուղիղ 9 տարի առաջ, դեկտեմբերի 10-ին Դիլիսկայի եկեղեցին վերաօծվել էր:

xoran

Դիլիսկա գյուղի սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև նշեց, որ եկեղեցու պատմությունը ստիպում է բոլորին, հատկապես` գյուղի բնակիչներին ավելի մեծ ջանադրությամբ պահպանել և իրենց փոքրիկ աջակցությունը բերել աստծո տաճարի զորացմանը:

ter Tigran

«Մեր եկեղեցու բակում 5 տարիների ընթացքում 7 խաչքար է տեղադրվել և յուրաքանչյուր խաչքար իր պատմությունն ունի, այս երկու խաչքարներից մեկը նվիրված է անհայտ կորած մեր զինվորներին, բոլոր ազգերի զինվորներին, ովքեր չեն վերադարձել պատերազմի դաշտից: Իսկ այս մյուս խաչքարը՝ ամենափրկիչ է կոչվում և նմանօրինակն է Հաղպատի եկեղեցու խաչքարի», – հայտարարեց Տեր Տիգրանը:

Ամենափրկիչ խաչքարը եկեղեցուն է նվիրել Սոս Մոսոյանը, ով նաև խաչքարի հեղինակն է: Ուշադրության է արժանի այն փաստը, որ իր տեսակով ամենափրկիչ խաչքար ամբողջ Հայաստանում 4 հատ գոյություն ունի, իսկ 5-րդը հանգրվանեց Ջավախքում: Եկեղեցու բակում տեղադրված 7 խաչքարներից 4-ի համահեղինակը սկսնակ քանդակագործ Սոս Մոսոյանն է:

mkrtutyan sexan

Ներկաներին իր օրհնության խոսքը փոխանցեց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, նշելով որ պատահական չէ, որ Խաչքարերի օծումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանությունների կանխման և դատապարտման կոնվենցիայի ընդունման օրը:

«Այստեղ կանգնած մեր սուրբ նահատակների խաչքարի օծման առջև հայ ժողովուրդը միայն ու միայն բարեկամության ու հաշտության ձեռքն է մեկնում: Մեր սիրելի Վրաց աշխարհում, Ջավախք աշխարհում կանգնեցնում ենք մեր սուրբ զոհերի նկատմամբ ունեցած հարգանքի տուրքի, որպես նյութեղեն կառույց: Կարող ենք ասել, որ սա առաջինն է, որ սրբադասումից հետո նվիրվում է սուրբ նահատակներին, որ կանգնեցվեց Վրաստանում:
Այսօր այս խաչքարը մենք ձոնելով ինչպես հայ այնպես էլ վրաց անհայտ կորած զինվորներին, մեկ անգամ ևս ասում ենք, որ մենք երկու եղբայր ժողովուրդներ ենք, մեր հաջողություններն ու կորուստներն ընդհանուր են», – նշեց Վիրահայոց թեմի գերաշնորհ առաջնորդը:

hogevor das

Միաժամանակ իր երախտիքի և գոհունակության խոսքն ասաց Դիլիսկա գյուղի բնակիչներին ու բարերարներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրեց գյուղի եկեղեցին ավելի շքեղ ու բարեկագ դարձնելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բարերարներ Վանիկ Մոսոյանին, Փիլոս Մանուկյանին և Նաիր Նահատակյանին, ովքեր հետևողականորեն լծվել են գյուղի շենացման ու եկեղեցու բարեկարգման գործին:

Շնորհակալության և ցեղասպանությունների դատապարտման խոսքով ներկաներին դիմեց Վրաստանի խորհրդաարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

«Այսօր իսկապես եռակի տոն է, սիրելի ժողովուրդ, մեր Դիլիսկայում: Այս հրաշալի եկեղեցին վերանորոգվել է, իմ շնորհակալությունն եմ հայտում մեր բարերարներին: Նրանք չենք մոռացել իրենց գյուղը, ազգն ու բարեկամներին: Ես ուզում եմ նշել նաև ՄԱԿ-ի կողմից ընտրված ցեղասպանության հարցը, որ մեր ազգի ամենացավոտ հարցն է: Իհարկե աշխարհի շատ երկրներ ցեղասպանությունն ընդունել են, ես մտածում եմ, որ կանցնեն տարիներ և մյուս հզոր պետությունները, որ այսօր չեն ընդունել, նրանք էլ կընդունեն և մեր սիրտը կթեթևանա», – հայտարարեց պատգամավորը:

Տոնական օրը Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ավարտվեց բարերարների կողմից մատաղի հյուրասիրությամբ։

Ջավախահայությունը ևս լինելով կոտորածներից վերապրած սերունդների ժառանգներ, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հանուն արդարության ու ճշմարտության: Հուշարձան-խաչքարերի տեղադրմամբ ջավախքցին հիշում և ոգեկոչում է 1,5 միլիոն սուրբ նահատակներին:

mardik

Աղունիկ Այվազյան