Վրաստանի պատրիարքարանն ու Վիրահայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Գումբուրդոյի միջադեպի վերաբերյալ:

Հայտարարության տեքստը հրապարակում ենք առանց որևէ փոփոխության: Թարգմանությունը aliq-media լրատվականի:

«Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած փաստի վերաբերյալ միասնական դիմում (հոկտեմբերի 5, 2017 թ.)

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի վանքի բակում սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պատահար, տեղի բնակչության մի խմբի և օրինապահների միջև: Խնդիրը ծագել է, երբ առանց նախնական համաձայնության բնակիչները փորձել են վանքի բակում հայկական ավանդական քարե խաչ, խաչքար տեղադրել.

Այստեղ 2015 թվականից ի վեր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունն իրականացնում է վերականգնման աշխատանքներ: Պեղումների ժամանակ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վանքի բակում հայտնաբերվել են գերեզմաններ եւ մահացածների աճյուններ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայր, որտեղ էլ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել:

Թյուրըմբռնում է առաջացրել նաև վանքի ծագման հետ կապված տարածված ապատեղեկատվությունը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը հաստատում է, որ վանքի հետ կապված նկրտումներ չունի և վանքը վրացական է համարում:

Նախնիների գերեզմանները հարգելը վիճելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հարյուրամյակների ընթացքում վանքի բակում թե վրացիներ, թե հայեր, և թե այլ ազգությունների ներկայացուցիչներ են հուղարկավորվել և նրանց հարգելը մեր բոլորի պարտքն է:

Նշված հարցի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի համապատասխան հաստատությունների, Վրաստանի առաքելական-ուղղափառ եկեղեցու և հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ներկայացուցիչների միջև:

Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագայում նիստերի ընթացքում քննարկման և փոխհամաձայնեցմամբ որոշում կայացնելու պատրաստակամություն, ստեղծված թեմաների շուրջ, որոնք իրավական և կրոնական բովանդակությունից բացի բարոյական նշանակություն էլ ունեն և իրավիճակի խաղաղ կարգավորման օրինակ կդառնան:

Բոլորին կոչ ենք անում.

Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով:

Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմ

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարություն

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական ​​գրասենյակ», – նշված է Վրաստանի պատրիարքարանի կայքում տարածված հայտարարության մեջ: