Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում այսօր ամեն տանը քննարկվող թեման է՝ արդյոք կբավարարի հավաքած վառելանյութը հոկտեմբերից մինչև մայիս-հունիս տաքանալու համար:
Սարերի ձնապատ գագաթները Ջավախքի բնակչությանը դրդում են շտապել ձմռան նախապատրաստական աշխատանքներում: Ցեխապատ ճանապարհով հասանք Դադեշ: Դադեշցիները իրենց գյուղի կարևոր խնդիրների հերթականությունն արդեն խառնում են, սակայն բնական գազի բացակայությունը, ձմեռային փակ ճանապարհները և ջրի անբավարարությունը՝ գյուղի անլուծելի թվացող խնդիրներն են։
Դադեշում ձմռանը պատրաստ լինելու համար անհրաժեշտ է մինիմում 1000 լարիի վառելափայտ և գոմաղբից աթար պատրաստելու անընդհատ աշխատանք:
«Բնական գազից լավ բան էլ չգիտեմ։ Ձմեռն անցկացնելու համար երեք փոքր մեքենա փայտ է պետք, նույնքան էլ աթար։ Այս ամենն էլ հեշտ չենք ձեռք բերում, փայտը կոտրում ենք, աթարը չորացնում, ներս լցնում։ Մի մեքենա փայտին տալիս ենք 350 լարի, պատահում է նաև, որ ապրանքով ենք փոխանակում, եթե գազ լիներ, համ ծախսը քիչ կլիներ, համ էլ չարչարանքը», – մեզ հետ զրույցում ասաց Դադեշ գյուղի բնակիչ Հակոբյան Շուռան։
Մենք եղանք Շուռա պապիկի վառելիքի պահեստարանում, այստեղ փայտն ու աթարը գեղեցիկ դարսված սպասում են ձմռանը։
Մեր այն հարցին, թե ինչպես եք պատրաստվում ձմռանը, տիկին Ազգանուշը պատասխանեց. «Այ հիմա կպատրաստվենք, դուք տեսեք»: Եվ անմիջապես վերցրեց աթարի ամանն ու մեջը դարսեց արդեն մանրացրած աթարները։
Գյուղում վառարաններն արդեն զբաղեցրել են իրենց տեղերը և միայն 8-9 ամսից կհեռացվեն։ Երկարատև ձմեռը ախալքալաքցիների համար անսովոր երևութ չէ, միայն թե շրջանի շատ գյուղեր ապահովված են բնական գազով և այդ դեպքում երկարատև ձմեռը ավելի տանելի է, քան երբ ամբողջ ձմեռ աթար ու փայտ վառող գյուղերում։
Դադեշցիները, նկատելով գյուղում շրջող տեսախցիկով լրագրողներին, հարցնում էին, թե ինչու ենք գնացել իրենց գյուղ: Իմանալով մեր հարցերը ձմռանը նախապատրաստվելու մասին, նրանք հուսահատված ձեռքով էին անում, ասելով, որ այդ խնդիրները չեն լուծվի, եղել են, կան ու կմնան:
Ջուլիետա Տոնականյան