Ձյունը հալվեց, ճերմակ ծածկից ազատելով գյուղերի արհեստական աղբավայրերը։ Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերում կան աղբամաններ, այնուամենայնիվ, ամենուրեք գոյանում են աղբակույտեր։

Որոշ գյուղերում նման աղբավայրեր են գոյացել հենց գյուղի մուտքի մոտ, որոշներում՝ ծայրամասերում, ճանապարհների եզրերին։

Այս տարի Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, տեղական բյուջեի հաշվին, մտադիր է աղբը կրկին գյուղական արհեստական աղբավայրերից դուրս բերել, սակայն դեռ չգիտի, թե երբ կսկսվեն աշխատանքները և որքան գումար կհատկացվի դրա համար։

Վերջին տարիներին մունիցիպալիտետը տեղական բյուջեից միջոցներ է հատկացնում գյուղերի աղբավայրերի միանվագ մաքրման համար, սակայն աղբավայրերը կրկին գոյանում են։

Աղբակույտեր կան գրեթե բոլոր գյուղերում, որոշ գյուղերում դրանք փոքր են, որոշներում՝ մեծ։

Աղբակույտեր են գոյացել Բեժանո գյուղի մուտքի մոտ, Ղադոլար գյուղի ծայրամասում, Մոդեգամ գյուղի ճանապարհին, Խանդո գյուղում։ Աղբավայրեր կան նույնիսկ այն գյուղերում, որտեղ տեղադրված են աղբամաններ։ Օրինակ՝ Բեժանո գյուղի մուտքի մոտ, աղբարկղի կողքին մեծ աղբակույտ է գոյացել։ Աղբավայրը գոյություն ունի երկար տարիներ։ վերջին տարիներին Սպասարկման կենտրոնն այնտեղից աղբը հանում է, բայց բնակիչները տարածքը կրկին աղբավայր են դարձնում։

Այս աղբավայրում աղբ նետում են ոչ միայն Բեժանոյի, այլեւ Չխարոլա, Բալանթա, Տաբածղուրի գյուղերի բնակիչները։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պետ Մխիթար Ռստակյանի խոսքով, Բեժանո գյուղում 3 պլաստմասսե աղբաման են տեղադրել, սակայն դրանցից երկուսը կոտրվել են։

«Երկու պլաստմասսե աղբարկղերը կոտրվել են, մնացել է մեկը։ Այս աղբարկղերի մեջ էին նետում կարտոֆիլի, գազարի, հողի պարկեր, և դրանք ջարդվեցին։ Առայժմ ազատ աղբարկղեր չունեմ, մենք պատվիրել ենք, հենց ստանանք, անպայման նորից կտեղադրենք այնտեղ, այս անգամ ուզում ենք երկաթե աղբարկղեր տեղադրել։ Անցած տարի միայն Բեժանոյից 400 խոր/մ աղբ ենք հանել»,- ասաց Մխիթար Ռստակյանը։

Մունիցիպալիտետը պատվիրել է 150 աղբարկղ, որից 70-ը՝ պլաստմասսե են, իսկ 80-ը՝ երկաթե։

Նոր և մեծ (5 խոր/մ տարողությամբ) աղբարկղերը կտեղադրվեն մունիցիպալիտետի 8 գյուղերում՝ Խավեթում, Աբուլում, Մեծ ու Փոքր Սամսարներում, Ազավրեթում, Վարևանում, Ալաստանում, Խանդոյում և Դիլիսկայում։