Բուն TV առաջին հայկական գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն հեռուստատեսության մրցույթի հաղթող 13 ֆիլմերից երկուսը Ախալքալաքի Լուսէ խմբի սաների աշխատանքն է։
Բուն TV-ին հայտարարել էր կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, որոնք երիտասարդների և նրանց խնդիրների մասին պետք է պատմեին։
Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո պարզվեց, որ հաղթող ֆիլմերից երկուսի հեղինակները Ախալքալաքի մասնակիցներն են, իսկ ֆիլմերը Բուն TV-ին ամեն շաբաթ մեկ ֆիլմ հերթականությամբ կհրապարակի։
Ֆիլմերի թեմաների և իրենց հաղթանակների մասին հեղինակները մեզ հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեցին։
«Երբ տեսա հայտարարությունը շատ ոգևորվեցի։ Անպայման ուզում էի մասնակցել, բայց թեման չէի կողմնորոշվում, թե ինչ պիտի լիներ։ Այդ հարցում ինձ ուղղություն տվեց Լուսէ թատերական խմբակի ղեկավար Սոնա Տոնականյանը։ Որոշեցի ֆիլմով ներկայացնել երիտասարդի՝ ով ապրելով Դիլիսկա գյուղում, չի կարողանում սովորել իր ցանկացած մասնագիտությամբ։ Ֆիլմը կոչվում է «Մեծ հույսերով», այնտեղ ներկայացված է Ռադիկ Եզոյանի առօրյան ու նրա դեռ անկատար երազանքները», – մեզ հետ զրույցում ասաց «Մեծ հույսերով» ֆիլմի հեղինակ Քրիստինա Հակոբյանը։
Հեղինակը մեկ երիտասարդի օրինակով ցանկացել է ներկայացնել Ջավախքի երիտասարդներից շատերին հուզող խնդիրները։ Հաղթանակը նրա համար անսպասելի է եղել, քանի-որ համապատասխան տեխնիկա չէ ունեցել, այնուամենայնիվ հաղթանակի լուրը ոգևորել և ուրախացրել է նրան։
«Նույն երկրում տարբեր աշխարհում» ֆիլմի հեղինակ Աղավնի Մոսոյանն առաջին անգամ է ցանկություն հայտնել մրցույթի մասնակցելու և հենց առաջին անգամից գրանցել է հաջողություն, որը նրան ոգևորել է հետագա մրցույթներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
«Երբ առաջին անգամ լսեցի մրցույթի մասին, պատկերացում անգամ չունեի, որ կհաղթեմ։ Իհարկե շատ դժվարություններ եղան, բայց մեր խումբը ցանկացած հարցում պատրաստակամ էր օգնելու։ Ֆիլմը ստացվեց և հաղթեց, նաև հերոսուհիների օգնությամբ։ Ասյա Գաբրիելյանը և Դիանա Միքելաձեն ֆիլմի թեման իմանալուց հետո առանց ռեժիսորական խնդրի կարողացան ներկայացնել իրողությունը», – ասում է 16-ամյա հեղինակը:
Նա ֆիլմում ներկայացնում է հայ և վրացի ազգերի բարեկամությունը, կողք կողքի ապրող երկու ազգության ներկայացուցիչների ընդհանուր դժվարությունները և դրանց հաղթահարման յուրովի մոտեցումը։