Մեկ-երկու ամսից կսկսվի գյուղատնտեսական նոր սեզոնը, Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները կսկսեն կարտոֆիլի ցանքը, սակայն, ըստ ԳՆ Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի տվյալների՝ ավելի քան 100 հազար տոննա կարտոֆիլ մնացել է շրջանի ֆերմերների պահեստներում: Ե՛վ ֆերմերները, և՛ տեղական իշխանությունները մտահոգված են այս իրավիճակով, նրանք ելքեր են փնտրում։

Սակրեբուլոյում մարտի 4-ին քննարկվել է շրջանում առկա կարտոֆիլի իրացման խնդիրը։

Քննարկմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ, ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի մասնագետ Ռամազ Գոգոլաձեն։ Քննարկումից հետո նրանք նամակով դիմել են Գյուղատնտեսության նախարարությանը՝ խնդրելով ուղիներ գտնել իրենց խնդրի լուծման համար։

Նաիրի Իրիցյանը՝ բացելով քննարկումը, հակիրճ նկարագրեց իրավիճակը և խնդրեց բոլորին իրենց կարծիքը հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ելք առաջարկել։

Որպես գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ռամազ Գոգոլձեն ներկայացրել է այս գյուղատնտեսական տարվա կարտոֆիլի ցանքատարածությունների քանակի, բերքի ու կարտոֆիլի բերքատվության որոշ վիճակագրություն։

Ռամազ Գոգոլաձեի խոսքով, այս գյուղատնտեսական տարում մունիցիպալիտետում ցանվել է մոտ 11 հազար հեկտար և ստացվել է 200 հազար տոննա կարտոֆիլ։ Կարտոֆիլի բերքատվությունն այս տարի կազմել է մեկ հեկտարից 18 տոննա։ Նրա խոսքով, մունիցիպալիտետում այս պահին մնում է 100 հազար տոննա չվաճառված ուտելի կարտոֆիլ։

«Կոպիտ հաշվարկներով, բացի կարտոֆիլի սերմացուից և անասնակերից, մունիցիպալիտետում 100 հազար տոննա կարտոֆիլ կա իրացման համար։ Այս քանակից 50%-ը, իսկ գուցե ավելին, դեռ վաճառված չէ։ Աճեցման ողջ աշխատանքներն իրականացրած ֆերմերի համար 1 կգ կարտոֆիլի արժեքը 45 թեթրի է»,- ասել է Ռամազ Գոգոլաձեն։

Ֆերմեր, պատգամավոր Հովիկ Մուրադյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են նաև իրենք՝ ֆերմերները։ Նրանք բարձրորակ կարտոֆիլ չեն աճեցնում և բարեխիղճ չեն, այսինքն՝ վաճառելիս խառնում են լավ ու վատ կարտոֆիլը, ուստի գնորդներն այլևս չեն գալիս նրանց մոտ։

Պատգամավոր Գենադի Էլիզբարյանն ասաց, որ խոշոր ֆերմերները միգուցե վաճառել են իրենց բերքը, իսկ փոքր ֆերմերները դեռ չեն վաճառել, ոչ թե որակի վատ լինելու պատճառով, այլ պարզապես գնորդները չեն մտել մունիցիպալիտետի հյուսիսային գյուղեր։ Նա նշեց, որ կարտոֆիլի որակը կախված է հողի որակից, իսկ մունիցիպալիտետի յուրաքանչյուր ուղղությամբ հողը տարբեր է։

Գյուղի ֆերմեր Ենոք Բաբաջանյանը նշեց, որ ֆերմերները չեն աշխատում շուկայավարման բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով, իրենց կարտոֆիլի հիմնական գնորդն ադրբեջանցիներն են, բայց քանի որ այս տարի Ադրբեջանում ռուսական կարտոֆիլը շատ է, դրա համար այնտեղից Վրաստան չեն գալիս։

«Նրանց մեր կարտոֆիլը պետք չէ, արդեն լճացում է: Մենք մարքեթինգի վրա չենք աշխատում, ոչ ոք չի աշխատում, գյուղացին գրագետ չէ այս հարցում՝ ինչպես փաթեթավորի, տեսակավորի, գովազդի իր ապրանքը»,- ասաց նա։

Մուրջախեթ գյուղում կարտոֆիլի 50 տոկոսը մնացել է չվաճառված, նույն վիճակն է Կարծախ, Կարտիկամ և շատ այլ գյուղերում։

Սակայն Խանդո և Վարևան գյուղերում վիճակն ավելի լավ է, քան մյուս գյուղերում, քանի որ այնտեղ հողը լավն է, և ըստ այդմ՝ կարտոֆիլը որակյալ է։

«Երեկ կարտոֆիլը վաճառել եմ 1-1,10 լարի/կգ-ով։ Վաճառել եմ 4 տոննա, ուտելու կարտոֆիլի 70 տոկոսից ավելին արդեն վաճառել ենք, սերմացուի իրացման խնդիր ունենք»,- մեկնաբանեց ֆերմեր, Խանդո և Վարևան գյուղերից պատգամավոր Սարգիս Մելիքյանը։

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը որոշ վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Նրա խոսքով, Վրաստանում արտադրվող ամբողջ կարտոֆիլի 66%-ն արտադրվում է Սամցխե-Ջավախքում, Վրաստանն ամենաշատ կարտոֆիլն արտահանում է Ադրբեջան՝ 61%, ներմուծումը Ռուսաստանից է՝ 50%, իսկ կարտոֆիլի միջին բերքատվությունն այս տարի կազմել է 1 Հա-ից 16,7 տոննա։

Մախարե Մացուկատովը կարծում է, որ խոշոր գնումների համար մրցույթները պետք է լինեն տարածաշրջանային, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան մասնակցել դրանց։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կարտոֆիլի աճեցման և իրացման բոլոր ոլորտներին։

Բոլոր ներկաները միակարծիք էին, որ ֆերմերները պետք է բարելավեն տեղական կարտոֆիլի որակը, որպեսզի այն դառնա մրցունակ, ինչպես նաև նվազեցնեն կարտոֆիլի ինքնարժեքը։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ամփոփելով, ասաց.

«7 տարի Գյուղնախարարությունը չի օգնել իրացման հարցում, ֆերմերներին սովորեցրել ենք լավ եվրոպական սորտեր ցանել, բայց իրացման հարցում չենք օգնել։ Ամեն տարի մենք իրացման խնդրի առաջ ենք կանգնում, ի վերջո մեր ֆերմերներն արդեն պետք է հասկանան, որ պետք է բարձրորակ կարտոֆիլ աճեցնել»։

Նա հավելեց, որ պետք է օգնել գյուղացուն գումար վաստակել, հակառակ դեպքում գյուղերը կարող են դատարկվել։

«Արդեն երեք-չորս տարի է՝ գյուղացիները կարտոֆիլ են աճեցնում, եկամուտ չեն ստանում։ Մենք այժմ կենտրոնացել ենք ճանապարհների ասֆալտապատման վրա, գյուղերին գազ ենք տալիս, բայց եթե գյուղացին չկարողանա իր ապրանքը վաճառել, ինչ էլ անենք, չենք կարողանա պահել։ Եթե այս տարի գյուղացիները դադարեցնեն կարտոֆիլի ցանքը, ապա նրանք կլքեն գյուղերը: Փորձելու ենք գյուղացիներին պահել գյուղում, որպեսզի գյուղերը չդատարկվեն: Կարող ենք նամակ գրել՝ նկարագրելով իրավիճակը և օգնություն խնդրել այս խնդրի լուծման համար»,- հավելեց Նաիրի Իրիցյանը։

Հավաքվածները որոշել են նամակով դիմել Գյուղատնտեսության նախարարություն ու մունիցիպալիտետի ֆերմերներից օգնություն խնդրել մոտ 100 հազար տոննա կարտոֆիլի իրացման հարցում։