Այսօր, ժամը 14:00-ի սահմաններում Ախալքալաքում «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի և Շրջանային ժողովի պատգամավորների թեկնածուներին։

Մինչ արարողության սկիզբը Ախալքալաքի կենտրոնական հրապարակը դարձել էր քաղաքական հակամարտության դաշտ: Մի կողմում հավաքվում էին «Վրացական Երազանքի» ներկայացմանը մասնակցողները՝ տարբեր գյուղերից և քաղաքից, և պատրաստվում էր ձայնային տեխնիկան արարողության համար: Մյուս կողմում բարձրախոսները միացրած մեքենան մի քանի անգամ հավաքվածների կողքով դանդաղ անցնում էր բավականին բարձր ձայնով, մեքենայից հնչեցնելով «Վրաստանի Հայրենասերների դաշինքի» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանի նախընտրական տեքստը։

Չնայած «Վրացական Երազանքը» նախապատրաստական աշխատանքների ընթացքում երաժշտություն միացրեց, սակայն ընդդիմադիր կողմը ի պատասխան դրան ձայնագրության ձայնն էր բարձրացնում։

Լարված իրավիճակն անցավ առանց որևէ բախման կամ միջադեպի:

Ինչպես իշխող կուսակցության յուրաքանչյուր հավաքներին, այնպես էլ այսօր հրապարակը բավականին մարդաշատ էր։ Ախալքալաքի և շրջանի գյուղերից բնակիչները եկել էին իրենց գյուղի կամ տարածքային մարմնի թեկնածուի ներկայացման արարողությանը։ Ներկա էին հիմնականում դպրոցների, մանկապարտեզների, տեղական իշխանության ներքո գտնվող այլ կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև պարզապես բնակիչներ: Հավաքվածներից ոմանք ասացին՝ «ստիպված էին գալ, քանի որ վերադասը ասել է՝ պարտադիր է»:

kandidati1

Թեկնածուներին ներկայացրեց «Վրացական երազանքից» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ով ողջունելով ներկաներին ասաց՝ «Իշխող «Վրացական Երազանք» կուսակցությունն ի դեմս Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի լիազորել է ինձ տեղում ներկայացնել մեր կուսակցության թեկնածուներին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածուն «Վրացական երազանքից» Յուրիկ Ունանյանն է, ով 2001 թվականից աշխատել է դատախազ»։

Այնուհետև Հենզել Մկոյանը շարունակեց ներկայանցնել մեծամասնական պատգամավորների թեկնածուներին, որոնց հիմնական մասը քաղաքական ասպարեզում նոր դեմքեր էին։

Շրջանային ժողովի նախկին անդամներից՝ Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն է առաջադրել թեկնածությունը Զակի տարածքային միավորում, ինչպես նաև կուսակցական ցուցակով առաջին համարն է Ժողովի նախկին փոխնախագահ Նաիրի Իրիցյանը: Իսկ թեկնածուներ Աշոտ Սահարյանը, Գրիգոր Ծորմուտյանը և Մելքոն Մակարյանը ևս Շրջանային ժողովի նախկին անդամներ են, և ներկայացնում էին այլ կուսակցությունններ:

Հավաքվածներին դիմեց քաղաքապետի թեկնածուն: «Ողջունում եմ Ձեզ հարգարժան ջավախքցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ընտրվելու դեպքում կլինեմ բոլորիդ կողքին և ամեն ինչ կանեմ, որ յուրաքանչյուրիդ հույսերն արդարացնեմ։ Ես այս ընտրապայքարին համաձայնվել եմ մասնակցել միայն և միայն մի բանի համար, որ իրոք «Վրացական երազանք» կուսակցությունը միակ ուժն է, որը խորհրդային միության փլուզումից հետո կանգնել է ժողովրդավարության ուղու վրա և ինքս աշխատանքի ընթացքում զգացել եմ, որ այն պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները», – ասաց Յուրիկ Ունանյանը։

Թեկնածուների ներկայացման արարողությանը ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կոբա Կոբալաձեն, ով նույնպես ողջունեց ներկաներին և հաջողություն մաղթեց թեկնածուներին: Վերջում Հենզել Մկոյանն ասաց, որ վաղվանից կսկսեն այցելությունները շրջանի գյուղեր:

havak