Ախալքալաքի Ազատության փողոցում մեծ գովազդային վահանակի վրա «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցության գովազդային պաստառը փոխել են իշխող կուսակցության գովազդային պաստառով: Գովազդային ընկերությունում սա բացատրում են իրենց սխալով:

Սեպտեմբերի սկզբին Ախալքալաք քաղաքի կենտրոնում մեծ վահանակի վրա կախված էր պաստառ, որի վրա պատկերված էին «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» շարժման ղեկավար Գիգի Ուգուլավան և Դավիթ Բաքրաձեն: Սակայն, մոտ մեկ շաբաթ առաջ Բաքրաձեի և Ուգուլավայի փոխարեն հայտնվեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու` Յուրի Ունանյանի պաստառը:

bakradze

Ախալքալաքում «Ազատության շարժում-Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներից Արսեն Կարապետյանի տեղեկացմամբ, նրանք գովազդային վահանակի վարձակալման համար պայմանագիրը կնքել են մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Եվ պաստառի փոփոխման պատճառը նրանք պարզեցին ընկերությունից, և ինչպես բացատրում են ընկերությունում, արվել է անթույլատրելի սխալ: «Ազատության շարժում – Եվրոպական Վրաստան» կուսակցության պաստառը սկզբնականում պետք է լիներ Ճավճավաձե փողոցում, քաղաքի ծայրամասում, որտեղ որ այն այժմ գտնվում է: Իսկ կենտրոնական վահանակը վարձակալված է «Վրացական երազանքի» կողմից:

DSC_1473

Մենք կապվել ենք «OUtdooR.ge» ընկերության հետ, որին պատկանում են վահանակները: Ըստ վաճառքի գծով մենեջեր Գիորգի Ամաշուկելիի, վարձակալության պայմանագիրը կնքվել է միաժամանակ երկու կողմերի հետ: Եվ այն փաստը, որ «Ազատության շարժում – Եվրոպական Վրաստան»-ի պաստառը տեղափոխվել է մեկ այլ վայր, պարզապես տեխնիկական սխալի պատճառով: Եվ գլխավոր փողոցում տեղադրված վահանակը պայմանագրի համաձայն սկզբնապես վարձակալվել է «Վրացական երազանքի» կողմից, իսկ Ճավճավաձե փողոցում` Սահակաշվիլու նախկին գործընկերների կողմից: