2015 թ.-ի մարտի 5-ին տեղի ունեցավ Մավր Մկրտչյանի նոր՝ «Դլե Յաման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Ժողովրդական երգի մեկնաբանն իր նոր տեսահոլովակը նվիրել է լեգենդար երգչուհի՝ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:
Մավր Մկրտչյանը սիրված երգչուհու հետ շփվելու, նրանից սովորելու հնարավորություն է ունեցել և իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է Ֆլորա Մարտիրոսյանի գնահատանքը։
«Ինձ համար շրջադարձային էր Ֆլորա Մարտիրոսյանի պես լեգենդար երգչուհու լավ վերաբերմունքին, գնահատանքին և, ինչու ոչ, նաև սիրուն արժանանալը: Ես՝ որպես ժողովրդական երգի մեկնաբան շատ-շատ բան եմ սովորել նրանից»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչը:
Տեսահոլովակը Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրելը յուրօրինակ երախտիքի խոսք է երգչուհուն հայկական մշակույթում ներդրած ավանդի և նոր սերնդի առջև ազգային երգարվեստի գաղտնիքները բացելու համար:
Մավր Մկրտչյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ նախատեսում է առաջիկա ամիսներին ծննդավայրում՝ Ջավախքում ներկայանալ ոչ միայն երաժշտական կատարումներով, այլև սոցիալական նախագծերով։ Իսկ թե ինչ նախագծերի մասին է խոսքը՝ նա չցանկացավ ժամանակից շուտ բացել փակագծերը:
Նշենք, որ սա երգչի երկրորդ տեսահոլովակն է, այն ինքնատիպ է ու հետաքրքիր լուծումներով:
Մավր Մկրտչյանը ծնվել է 1990 թ.-ի օգոստոսի 3-ին Ջավախքի հեռավոր Մերենիա գյուղում: Ծնողները Մավրի երաժշտական կարողությունները բացահայտել են վաղ տարիքում, իսկ երբ նա արդեն տասը տարեկան էր՝ տեղափոխվել են Հայաստան:
2008 թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարություն բաժին: 2009 թ․-ից համատեղության կարգով սովորել է նույն ֆակուլտետի կոմպոզիցիա բաժնում: 2012 թ. փետրվարից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում: 2012 թ. կարմիր դիպլոմով ավարտել է խմբավարության բաժնի բակալավրիատը:
Ներկայացնում ենք Մավր Մկրտչյանի «Դլե Յաման» տեսահոլովակը:
Աղունիկ Այվազյան