Ռուս-վրացական «սառեցված» հարաբերությունների «ջերմացում» նկատվեց 2015 թվականի վերջին ամիսներին: Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիներին վիզայի տրամադրման ընթացակարգի հեշտացումը Ջավախքի բնակչության շրջանում ոգևորություն առաջացրեց: Քաղաքագետի կարծիքով վիզային ռեժիմի վերացումը ջավախքցիներին կազատի մի շարք խնդիրներից:
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում դրական տեղաշարժի համար ուրախացել են հատկապես Ջավախքի բնակիչները: Սա պատահական չէ և ունի իր պարզ պատճառը: Գաղտնիք չէ, որ Ջավախքում աշխատատեղի բացակայության պատճառով մարդիկ միջինը 6-8 ամիս արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան:
«Շատ ուրախ եմ, որ վերջապես Ռուսաստանը հանում է վիզան: Մեր գնալ-գալը շատ է Ռուսաստան: Բարեկամ է, ընկեր է ամուսնանում է, գոնե կկարողանանք ներկա լինել մեկս մյուսի ուրախությանն ու տխրությանը»,- ասաց Աշոտ Գաբրիելյանը, հավելելով. «Ես Վրաստանի քաղաքացի եմ: Հիվանդ մարդ եմ, չեմ կարող գնալ խոպան: Վիզան եթե հանեն շատ լավ կլինի»:
2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը հեշտացրեց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Սկսած դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար ձևակերպվում են գործնական, աշխատանքային, ուսումնական ու մարդասիրական ցանկացած տևողության վիզաներ, ինչպես նաև հաճախակի վիզաներ՝ անկախ այն բանից՝ կա՞ արդյոք ազգակցական կապ հրավիրողի ու հրավիրյալի միջև:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իրատեսական է համարում մոտ ապագայում Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացումը:
«Իհարկե իրատեսական է, բայց խոսքը չի գնում օրերի ու շաբաթների մասին: Ռուսաստանն իր սեփական շահերից ելնելով է դա անում: Նրա համար մեկ է այդտեղ վրացիներ են ապրում, թե հայեր: Այսօր Ռուս-վրացական հարաբերությունների լավացում է նկատվում: Քննարկվում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան գազամուղի կառուցման հարցը»,- ասաց քաղաքագետը, ավելացնելով. «Վիզային ռեժիմի վերացումը Ջավախքի բնակչության համար էական նշանակություն ունի, բոլորին է հայտնի, որ ջավախքցիները մինչ օրս փաստաթղթային և ֆինանսական դժվարություններ ունեն և դրանցից կազատվեն»:
Քաղաքագետի հետ համակարծիք են նաև Ջավախքի բնակիչները: «Շատ իրատեսական է, քանի որ Ռուսաստանը Վրաստանին իրենով է ուզում անել: Իսկ վիզայի վերացումը իմ կարծիքով քայլ կլինի, որը կկանգնեցնի Ջավախքի հայաթափումը»,- ասաց Արմեն Այվազյանը:
Երբ 2008-ին վրաց-ռուսական հարաբերությունները լարման գագաթնակետին հասան դրանից հետո ջավախքցիները Ռուսաստան մեկնելու համար մասսայաբար սկսեցին ձեռք բերել Հայաստանի երկքաղաքացիություն: Ինչի արդյունքում շատերը զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից և Ռուսաստան մեկնողներից շատերը փաստաթղթային խնդիրների պատճառով խուսափում էին վերադառնալ հայրենի բնակավայր:
«Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ իր հարաբերությունները վերանայել և խոստացավ երեք ամսվա ընթացքում վերացնել վիզային ռեժիմը: Չնայած ես ռուսական քաղաքացիություն ունեմ, ինձ առանձնապես պետք չի գա: Բայց ուրախ եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունները լավ լինեն: Մեր ապրուստի հիմնական միջոցը Ռուսաստանն է, դա էլ որ չլինի չգիտեմ ինչ ենք անելու»,- ասաց Ջավախքի բնակիչ Մ. Մոսոյանը:
Ջավախքում ոգևորվեցին Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու դյուրացման ժամանակ, հիմա անհամբեր սպասում են խոստացած վիզային ռեժիմի վերացմանը:
Աղունիկ Այվազյան