JNEWS-ը ներկայացնում է մի մարդու օրագիր, ով ունի «երեք ինքնություն»՝ ռուսական, հայկական և վրացական:

«Ես Մոսկվայից եմ, ավելի ճիշտ Վրաստանից… ավելի կոնկրետ Ախալքալաքից, բայց ես հայուհի եմ… ուղղակի նոր եմ եկել Մոսկվայից…»,- նման բարդ բացատրություններով է սկսվում իմ ծանոթությունը Ջավախիշվիլիի անվան ԹՊՀ-ի մագիստրատուրայի առաջին կուրսում նոր խմբի հետ: Եվս մի քանի րոպե անհարմար լռությունից հետո, ակոսվում են հոնքերը և փորձում են լսածդ մարսել: Երբեմն պահաջվում է ևս մեկ անգամ ավելի դանդաղ ու ավելի մանրամասն կրկնել, ինչ արդեն ասել էիր:

Ես Ամալյան եմ, մի սովորական աղջիկ, որի ընտանիքը 90-ականներին որոշել է Ախալքալաքից տեղափոխվել Մոսկվա: Ես կրթությամբ քաղաքագետ եմ, բայց այս պահին ինձ գտել եմ լրագրության մեջ և հիմա գրում եմ այս օրագիրը:

Այսպիսին է մեր բախտը՝ նրանց բախտը, ովքեր ծնունդով Ախալքալաքից են, ազգությամբ հայ են և ապրում են Ռուսաստանում: Ռուսաստանում մենք «Հայաստանի» հայ ենք, Հայաստանում՝ «վիրահայ», իսկ Վրաստանում՝ «Ռուսաստանի»: Ապրելով 3 երկրներում և ունենալով 3 տարբեր ինքնություն, երբեմն մենք ինքներս չենք հասկանում, թե ով ենք մենք և որտեղից ենք:

Անձնային ինքնությունը մարդկային հոգեբանության հատկություն է` արտահայտելու այն, թե ինչպես է նա պատկերացնում իր պատկանելությունը տարբեր սոցիալական, տնտեսական, ազգային, մասնագիտական, լեզվական, քաղաքական, կրոնական, մշակութային, գենդերային, ռասայական և այլ խմբերին կամ այլ համայնքներին:

Մոսկվայում ես հայուհի եմ

moskva

Ես 5 տարեկանից ապրում եմ Մոսկվայում: Ստացել եմ ամբողջովին ռուսական կրթություն, մեծացել եմ ռուս գրականությամբ, պատմությամբ ոգեշնչվելով, և դա է մասամբ պատճառը, որ ռուսական հասարակության մշակութային կոդերն ինձ ավելի մոտ են: Այնուամենայնիվ, մինչև համալասարանս ավարտելը ես զգում էի, որ ես իմ տեղում չեմ, որ «օտարների» շարքում եմ: Մոսկվայում շատ-շատ մարդիկ կան, և դու այդ միլիոններից միայն մեկն ես: Հարազատին այցելությունը կամ ընկերոջ հետ հանդիպումը պետք է կազմակերպվի նախապես՝ մեկ ամիս շուտ: Մի անգամ ես և իմ ընկերուհին երկու ամիս չէինք կարողանում պայմանավորվել հանդիպման օրվա կապակցությամբ: Կամ աշխատում էր նա, կամ՝ ես: Նյութականի` ֆինանսների, կարիերայի, նվաճումների հետևից ընկնելով, մարդկանց մեջ կորչում են անկեղծությունն ու իսկությունը:

Մոսկվան ունի նաև իր առավելությունները: Այստեղ միշտ կա զբաղմունք, բազում ժամանցի վայրեր և հնարավորություններ: Հատկապես, երբ դու մեծացել ես այստեղ՝ այստեղ են քո ընկերները, դու արդեն հարմարվել ես Մոսկվայի կյանքին:

Մոսկվայի ռուսների մեջ դու հայ ես, «ներկայացնում» ես Հայաստանի շահերը, օրինակ՝ համալսարանում, զույգերի դեպքում, ընկերական շրջապատում: Փորձելով մոտենալ իմ մշակույթին, արմատներին, ակունքներին՝ ես սկսեցի անդամակցել Մոսկվայի բոլոր հայկական կառույցներին` երիտասարդական ասոցիացիաներին, հայկական կիրակնօրյա դպրոցին: Թեպետ հենց նույն Մոսկվայի հայերի մեջ դու արդեն առանձնանում ես` ոչ թե «հայ», այլ «ախալքալաքցի»:

Հայաստան

erevan

Ես միշտ ցանկացել եմ տեղափոխվել Հայաստան, նույնիսկ փորձել եմ այնտեղ դիմել մագիստրատուրայի համար, բայց չեմ կարողացել ընտելանալ տեղի բնակչությանը՝ նրանք շատ են տարբերվում մեզանից` ախալքալաքցիներիցս: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, սովորություններ, մտածելակերպ:

Մի անգամ ընկերոջս հետ Երևանում գնացինք խանութ, գնեցինք հագուստ և դրամարկղի մոտ միմյանց հետ սկսեցինք զրուցել մեր բարբառով: Վաճառողուհին նայեց մեզ և ասաց. «Ո՞ր գյուղից եք»: Այս դեպքն ինձ խորհելու առիթ տվեց և ցույց տվեց, որ մեզ Հայաստանում վերաբերում են կանխակալորեն:

Գալիս է ամառը: Ավանդույթի համաձայն, մեկնում եմ Հայաստան: Ի՞նչ եմ ես զգում: Հայաստանում ես տեղացիների համար ես ավելի շատ զբոսաշրջիկ եմ, քան «մերոնքական»: Այստեղ կան բազմաթիվ հնագույն տեսարժան վայրեր, տաճարներ, գեղեցիկ բնություն, բայց ես անհամբերությամբ հաշվում եմ օրերն ու ժամերը, թե երբ եմ վերջապես հատելու հայ-վրացական սահմանը…

Վրաստան

Մոտենալով Վրաստանին՝ զգում եմ, թե ինչպես է իմ ներսում արթնանում հուզմունքը: Ես նայում եմ պատուհանից և տեսնում, թե ինչպես է փոխվում բնությունը: Սահմանին ավելի ու ավելի մոտենալով բնությունը կանաչում է, թարմություն է գալիս, օդն ավելի է ներթափանցում թոքերդ:

ахал

Եվ ահա ես համարյա տեղում եմ: Ես տեսնում եմ ինձ ծանոթ շենքերի, ինձ մանկությունից ծանոթ փողոցների, տների, խանութների ուրվագծերը: Եվ միայն հիմա եմ հասկանում` «ես հայրենիքում եմ»…

Այո, ինձ համար իմ հայրենիքն Ախալքալաքն է, Ջավախքը, մեր ամբողջ շրջանը: Ես շնչում եմ օդը, որն աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա, և ես նայում եմ մեր անկրկնելի բնությանը: Ինչ-որ անհայտ բան ինձ կապում է այս վայրի հետ, անհայտ ու անբացատրելի: Այստեղ միշտ ցանկանում ես վերադառնալ, անկախ նրանից, որ մարդիկ «փախչում» են Ախալքալաքից և դժգոհում: Ես գիտակցում եմ, որ ոչ բոլորն ունեն նման կապվածություն: Եվ ես վստահ եմ, որ հենց սա է «հայրենիքի» զգացումը: Դու չես կարող դա փոխել, չես կարող հեռացնել այն քո մեջից, չեք կարող պարտադրել դա, անկախ նրանից, թե որքան ամոթանք էլ չտան, որ դու նույնը չես զգում մոլորակի ցանկացած այլ վայրում:

ахал2

Ախալքալաքում իմ կյանքը դառնում է հոգեպես հանգիստ, ավելի հեշտ: Ես աշխատում եմ, ունեմ հիանալի կոլեկտիվ, ցանկացած օր մենք կարող ենք հավաքվել իմ ամառանոցում՝ իմ տան բակում, ցանկացած այլ մարդու տանը: Դու միշտ կարող ես պատշգամբում խմել քո առավոտյան սուրճը՝ լեռնային տեսարանով, ազատ րոպեդ կիսել հարևաններիդ հետ խոսելով շրջանի վերջին նորությունների մասին և երեկոյան նստել ընտանիքով մեկ գավաթ թեյ խմելու:

Բայց մենք` երեք ինքնություն ունեցող մարդիկ, միևնույն է, ոչ մի այլ տեղ չենք կարող ապրել: Որքան էլ ես չսիրեմ Ախալքալաքը, իմ մտածելակերպն այլ է, ես մեծացել եմ այլ հասարակության մեջ, և, ինչ էլ չլինի, ես տարբերվում եմ տեղի բնակչությունից: Ինձ բախտ վիճակվեց երկար ժամանակով ապրել հայրենիքում` մոտ մեկ տարի: Սա բավական է տեսնելու ոչ միայն այստեղի դրական, այլև բացասական կողմերը: Փոքր քաղաք է՝ բավականին պահպանողական հասարակությամբ, չնայած այն հանգամանքին, որ այն ակտիվորեն փոխվում է, այնուամենայնիվ ինձ դա ճնշում է: Այստեղ կան հասկացություններ և սկզբունքներ, որոնք ես չեմ հասկանում, և ես դժվար թե հասկանամ:

Օրինակ, մի օր ես ու քույրս որոշեցինք առավոտյան գնալ սրճարան նախաճաշելու: Երբ մենք մոտեցանք մուտքին, բոլորն արդեն ծուռ աչքով մեզ էին նայում: Պիցցա և էլի ինչ-որ բան պատվիրեցինք, նստեցինք հյուրասրահի ամենահեռավոր անկյունում, բայց, այնուամենայնիվ, չկարողացանք զերծ մնալ տարօրինակ հայացքներից: Ես ուզում էի հնարավորինս շուտ հեռանալ այնտեղից: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, սրճարաններում աղջիկներին տեսնելը դարձել է սովորական երևույթ (և դա կախված է նրանից, թե որ սրճարանում): Թեև, կան բազմաթիվ այլ սահմանափակումներ էլ, որոնք Ախալքալաքում հանդիպում են ամեն քայլափոխին:

Ախալքալաքի շրջակայքում կան շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր, որտեղ կարելի է այցելել՝ Վարձիան, Բորժոմին, Փարվանա, Մադաթափա լճերը: Սակայն, երկու երիտասարդ աղջիկներին շատ դժվար է որևէ տեղ գնալ՝ նրանց պիտի ուղեկցեն ծնողները, եղբայրները և այլք: Դեպի Վարձիա ճամփորդություն կազմակերպելու համար ինձանից մեկ ամիս պահանջվեց եղբորս համոզելու համար, որ մեզ տաներ այնտեղ:

Ինչևիցե, ես հասկանում եմ, որ Ախալքալաքը նույնպես իմ տեղը չէ: Չնայած ինձ ձգում է Ախալքալաքը, ես չեմ կարողանում ընտելանալ տեղի մտածողությանը:

Ես միշտ ասել եմ. Բախտավոր են նրանք, ովքեր նմանատիպ բաներ չեն զգում: Կան շատ հայեր և ախալքալաքցիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, բայց նրանց հոգին, հավանաբար, բացարձակապես չեն կիսվում երկրների միջև, և նրանք ապրում են խաղաղ: Ես միշտ ձգտել եմ այս ներդաշնակությանը, միշտ փորձել եմ և փորձում եմ գտնել ինձ…

Չէ, ես արդեն գտել եմ ինձ: Ես պարզապես Ամալյան եմ, ով երկրագնդի ցանկացած վայրում կարող է գտնել իր ներքին ներդաշնակությունը, ով արդեն իրականացրել է իր որոշ երազանքներ և առաջ է շարժվում այլ երազանքներին հասնելու համար: Ի՞նչ տվեցին ինձ իմ երեք ինքնությունները: Ես «մերոնցական» եմ ռուսների, հայերի և վրացիների շրջապատում՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում: