Վերականգնվելու է Դիլիսկա-Պտենա-Չունչխա ճանապարհի Դիլիսկա գյուղի վերջից մինչև Պտենա գյուղ ընկած ճանապարհահատվածը: Այս փուլում հայտարարվել է տենդեր՝ նախագծի նախահաշվարկի պատրաստման համար:

Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա-Պտենա-Չունչխա գյուղերն իրար միացնող նոր ճանապարհը կլինի ցեմենտ-բետոնե, 5 մ լայնության և մոտ 4500 մ երկարության:

Ախալքալաքի քաղաքապետարանը, վերականգնման նախագծի նախահաշվարկի պատրաստման համար տենդերը հայտարարել է հունվարի 25-ին՝ 45 000 լարիի չափով: Հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 12-ը:

Ըստ քաղաքապետարանի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, ճանապարհի այն հատվածը (մոտ 1200 մետր), որը գտնվում է գյուղի ներսում՝ դպրոցի մոտակայքում գտնվող խաչմերուկից մինչև Դիլիսկա գյուղի վերջնամասը, ասֆալտապատվելու է առանձին նախագծով: Դիլիսկա գյուղի վերջնամասից մինչև Պտենա գյուղ, որը կազմում է 4500 մետր, պատվելու է ցեմենտ-բետոնե ծածկով:

Ըստ նրա, գյուղի ներսում ճանապարհի վերականգնման, այսինքն` ասֆալտապատման նախագիծը, մինչեւ Դիլիսկա գյուղի վերջնամասը, արդեն պատրաստ է: Սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները: