Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության մեծամասնությունն զբաղվում է անասնապահությամբ, ոմանք խոշոր եղջերավոր անասուն են պահում, ոմանք՝ մանր։ Ոմանց համար դա իրենց հիմնական բիզնեսն է, իսկ ոմանք անասուն են պահում իրենց տան համար սննդամթերքն ապահովելու նպատակով: Ռադիո NOR-ը վիճակագրություն է ներկայացնում մունիցիպալիտետում անասնաբուծության զարգացման վերաբերյալ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաշվվում է մոտ 35 220 խոշոր եղջերավոր և շուրջ 28 522 մանր եղջերավոր անասուն:

Մունիցիպալիտետում մանր եղջերավոր անասունների գլխաքանակը 2016 թվականի վիճակագրության համեմատ նվազել է: 2016 թվականին մունիցիպալիտետում կար մոտ 31 000 գլուխ մանր եղջերավոր անասուն, իսկ 2022-ին՝ 28 522 գլուխ:

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, հակառակը՝ ավելացել է: 2016 թվականին մունիցիպալիտետում կար 31 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2022 թվականին՝ 35 220:

Մասնագետների կարծիքով՝ մեծ քանակությամբ կաթ և միս ստանալու համար ժամանակ առ ժամանակ կենդանիների ցեղատեսակները հարկավոր է փոխել:

Շրջանի 35 220 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 1 250-ը Նինոծմինդայում է, մնացածը՝ գյուղերում, իսկ ամենաշատը Գորելովկա գյուղում է՝ 5000 գլուխ։

Շրջանի 28 522 գլուխ մանր եղջերավոր անասուններից 92 գլուխը Նինոծմինդա քաղաքում է, ամենաշատը Փոկա գյուղում է՝ 5 300 գլուխ։

Շրջանի 10 579 գլուխ խոզերից 735 գլուխը Նինոծմինդա քաղաքում է:

Շրջանում հավերի ընդհանուր թիվը կազմում է 28 750, որից 1270-ը Նինոծմինդա քաղաքում է:

Մունիցիպալիտետում այծերի թիվը կազմում է 570, հնդկահավերի թիվը՝ 249, բադերի թիվը՝ 843։

Նվազել է նաև մեղուների թիվը։ Մունիցիպալիտետում 2016-ին կար մոտ 3 200 մեղվաբուծական փեթակ, իսկ 2022-ին՝ մոտ 2 285 մեղվաբուծական փեթակ։

Մունիցիպալիտետում մեղվի փեթակների ընդհանուր թիվը կազմում է 2 228, որից 315-ը Նինոծմինդա քաղաքում է, 750-ը՝ Գանձա գյուղում:

Այս ամենից զատ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում զարգացած է նաև ձկնային տնտեսությունը։ Այն զարգացած է Գանձա, Սաղամո, Դիլիֆ, Հեշտիա, Օրոջալար և Տամբովկա գյուղերում։ Ընդհանուր առմամբ կա 51 տոննա կարմրախայտ։

Այս տվյալները հրապարակել է Ռադիո NOR-ը