Հունիսի 20-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացվեց Հայոց պատմության 10-րդ մրցույթի շրջանային փուլը, որին մասնակցում էին Ախալքալաքի շրջանի 17 դպրոցների շուրջ 105 աշակերտ։
Այս տարի մրցույթը ուներ տարբերվող խորագիր՝ «Իմ ծննդավայրի երկրագիտությունը», և հարցերի հիմնական մասը վերաբերվում էր Ջավախք աշխարհի պատմությանը։
«Մենք պարտաճանաչորեն կազմակերպում ենք այս մրցույթը որպեսզի հայ երեխան իմանա իր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը։ Մրցույթը կազմակերպում ենք արձակուրդի ընթացքում, որպեսզի չխանգարի ուսումնական գործընթացին և սա ոչ մի կապ չունի ուսումնական դասընթացների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն, ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը։
Հունիսի 20-ին անցկացվեց մրցույթի երկրորդ փուլը Ախալքալաքի շրջանի երեխաների միջև: Սկզբնական փուլը անցկացվում է դպրոցներում, այնուհետև լավագույն աշակերտները մասնակցում են շրջանային փուլին, իսկ շրջանային փուլի մրցույթի արդյունքում որոշվում է եզրափակիչի մասնակիցները։ Երկրորդ փուլը շրջանային մաշտաբով անցկացվում է 4 շրջաններում, հետո բոլոր շրջանների հաղթողները մասնակցելու են եզրափակչին: Այս տարի եզրափակիչ փուլում մրցույթը կանցկացվի բանավոր, սակայն եթե կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները բավարար արդյունք չցուցաբերեն ապա եզրափակիչ փուլ չի անցկացվի։
«Այս տարի առաջին անգամ մրցույթը կազմակերպելու ենք նաև Ծալկայի շրջանում, 2 օրից մրցույթը կանցկացվի Նինոծմինդայի շրջանում այնուհետև Ախալցիխեում և եզրափակիչ փուլը կլինի համատեղ Ախալքալաքում»,- ասաց տիկին Կարինեն։
Մրցույթի համար հատկացվել էր 2 ժամ սակայն մասնակիցները ավելի շուտ վերջացրեցին։
«Իմ կարծիքով թեմաները բավականին հեշտ էին, ես 15 հարցից 13 հարցի պատասխանել եմ սակայն ամենահետաքրքիր հարցը ինձ համար Դավիթ Շինարարին վերաբերվող հարցն էր»,- ասաց 17 ամյա Գալինա Ստեփանյանը գյուղ Կիրովականից։
Տիգրան Եփրիկյանը Խուլգումոյից այն հարցին, թե արդյոք հեշտ էին մրցույթի հարցերը, որ ժամանակից շուտ վերջացրեց, պատասխանեց՝ «Շուտ վերջացրեցինք, որովհետև խելացի ենք»։
Ջուլիետա Տոնականյան