Նախկին զինվորական թիվ մեկ ավանի խաղահրապարակը, որի շինարարական աշխատանքները անորոշ ժամանակով հետաձգվել էր, այժմ կառուցվել է, սակայն այն համալրվել է միանգամյա օգտագործման պարագաներով, որոնք մի շաբաթվա ընթացքում արդեն վնասվել են։

Խաղահրապարակում կա մեկ ճոճանակ, որը արդեն կոտրվել է և դրանով ճոճվելը երեխաների համար բավականին վտանգավոր է։ Երեխայի սայթակման և ընկնելու դեպքում նա ոչ հաճելի վայրէջք կկատարի ճոճանակի տակ գտնվող խոշոր քարի վրա։

aygi4

aygi1

Խաղահրապարակի պարսպապատման աշխատանքները կատարել էին դեռ մեկ տարի առաջ, սակայն տարածքային խնդրի վերաբերյալ դրա ներսի աշխատանքները դադարեցրել էին ու միայն վերջերս այն համալրվեց երեք կիսամաշ կամ կիսավերանորոգած խաղապարագաներով։

Երկու տեսակի ճոճանակ կա, որոնցից մեկը արդեն կոտրվել է, իսկ մյուսը ավելի ճիշտ կլինի ասել երկու խողովակ է մեկը մյուսի վրա դրած, քանի որ այնտեղ անգամ նստելու համար նախատեսված փայտ կամ բռնակներ չկան։

aygi3

«Տարի ու կեսից առավել է մենք դա կառուցում էինք, Պաշտպանության նախարարության տարածքն էր, թույլ չէր տալիս շինարարությունը շարունակելու, հիմա պարտավորվել ենք, որ երբ տարածքը նրանց պետք լինի, այն կվերադարձնենք։ Եթե մի մեքենա ավազ լցնենք, կհարթվի, բայց այդպես էլ փոշի կլինի, այ եթե մենք տարածքը կորցնելու խնդիր չունենայինք, կբետոնապատեինք ու դրա վրայից ռեզինածածկ մակերեսով կծածկենք։ Խաղային պարագաները լրիվ նոր են, միայն ճոճոնակներից մեկի վրայի փայտերը չէին դրել, բայց այս մի քանի օրվա ընթացքում պիտի դնեին։ Նստարաններն էլ լաքել են, բայց դա չի արդարացնում, ասել եմ, որ ներկեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

aygi2

Հիշեցնենք, որ այս խաղահրապարակի կառուցումը անհասկանալի և մութ հարցերով էր լցված դեռևս այն ժամանակ, երբ դրա կառուցումը նոր էր նախատեսված:

Ախալքալաքի շրջանի 2016 թ.-ի բյուջեում կա կետ, որը կոչվում է «Ատրակցիոնի կառուցում»: Այդտեղից սկսվեց նախկին զինվորական քաղաքի խաղահրապարակի կառուցման պատմությունը: Երկու անգամ կառուցումը հետաձգվեց, երկու անգամ տեղը փոխվեց, երկար ժամանակ այն դադարեցվեց: Եվ ահա խաղահրապարակը վերջապես կառուցված է, սակայն ժամանակավոր է, և ոչ հարմարավետ:

Ջուլիետա Տոնականյան