Երեք ամսից ավել է Նինոծմինդա քաղաքի Երևանյան, Կարլ Մարքսի, Պուշկինի, Գոգոլի, Ճավճավաձեի, Լերմոնտովի փողոցների բնակիչները դժգոհում են ջրի բացակայությունից:
Երևանյան փողոցի բնակիչները նշում են, որ ձմեռային և ամառային ժամանակահատվածում նրանք անընդհատ ջրի պակաս ունեն: Ձմռանը՝ սառնամանիքները, ամռանը` երաշտը:
Կարուշ Բդոյանն ասում է, որ շատերը ստիպված են ջուր կրել մոտակա տներից:
«Ես տանը տաս օրից ավել է ջուր չունեմ, խնդիրն այն է, որ բնակիչները ոչ ռացիոնալ են օգտագործում ջուրը, բասեինից վատ է կարգավորվում ջրի մատակարարումը, ամեն բնակիչ վերահսկում է կոլեկտորը ու տանում ջուրը իր փողոց: Այդ պատճառով, մենք մնացել ենք առանց ջրի: Եվ արդյունքում մեկին հասնում է շատ ջուր, իսկ մյուսին ընդհանրապես չի հասնում», – ասում է նա:
Ինչ վերաբերում է Երևանյան փողոցի ջրի խնդրին, ապա ջրամատակարարման ընկերությունը Շրջանային վարչության (գամգեոբայի) հետ միասին որոշել է այս փողոցների բնակիչների համար լրացուցիչ նոր ջրատար խողովակ անցկացնել: Սակայն կրկին բնակիչները ջուր չունեն:
Վրաստանի միացյալ Ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնում նշում են, որ ջրի պակասի հիմնական պատճառը բնակիչների անխոհեմ վերաբերմունքն է, որոնք բաց են թողնում ծորակը, և ինչպես նաև իրենց հողերը ոռոգում են խմելու ջրով կամ փոխում են ջրի ուղղությունը դեպի ջրհոր: Ջրի ճնշումը ցածր է նաև երաշտի պատճառով:
Նինոծմինդայի Շրջանային վարչությունը հավաստիացրեց, որ այս խնդիրը շուտով կլուծվի: Շրջանը անցկացնում է նոր ջրամատակարարման գիծ Հեշտիա գյուղով, որտեղ տեղադրվելու է մեկ ժամում 101 խորանարդ մետր ջուր մղող հզորության պոմպեր: Բյուջեից տրամադրվել է 47 000 լարի երկու պոմպերի ձեռքբերման համար: Ինչպես պարզեցինք Շրջանային վարչության (գամգեոբայի) ենթակառուցվածքի ծառայությունից, մրցույթը հաղթող ընկերությունը ձեռք է բերել պոմպերը, դրանք կհասցվեն սեպտեմբերի 2-ին: Հեշտիա գյուղում պոմպերի տեղադրումը և այլ աշխատանքները կկատարի Վրաստանի միացյալ Ջրամատակարարման Նինոծմինդայի բաժինը:
Կլուծի արդյոք այս ծրագիրը ջրի խնդիրը, պարզ կդառնա ձմռանը:
Բորիս Ղարսլյան