Երկամյա դադարից հետո, Սաթխայում մեծ շուքով՝ երգ ու պարով տոնեցին 1918թ.-ի հերոսամարտերի հաղթանակների 104-ամյակը:

satkhaa

Համավարակի պատճառով երկու տարի տոնակատարություն չի կազմակերպվել։ Գյուղի օրը նշելու գեղեցիկ ավանդույթի հիմքը դրել է Սանոսյան Արտյուշն իր որդիների՝ Արամի, Հայկի և Տիգրանի հետ:

Իսկ այս տարի քույր և եղբայր՝ Լուսինե և Ռաֆ Նանայանները որոշել են, որ Սանոսյան եղբայների հիմնադրած ավանդույթը շարունակեն և կազմակերպել են այսօրվա միջոցառումը։ Երկուսն էլ երկար տարիներ սովորել են Ախալքալաքի աշուղական դպրոցում և «Ջավախք» համույթում: Լուսինեն գյուղում հիմնադրել է «Լունա» պարային համույթը և այսօր հայկական երգ ու պարով, համույթն ազդարարեց միջոցառման սկիզբը:

Arevik ev Raf

luna parayin hamuyt

«Այսօր մեր գյուղի օրն է, ուզում եմ շնորհավորել բոլոր սաթխացիներին: Ուզում եմ, որ բոլորը երջանիկ ու առողջ լինեն, և միշտ կարողանանք կազմակերպել ու նշել մեր Սաթխայի օրը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին, աշակերտներիս, նրանց ծնողներին ու համագյուղացիներիս», – ասաց Լուսինե Նանայանը։

dholaharner

Ռաֆ Նանայանը կարևոր է համարում Սանոսյան ընտանիքի կողմից հիմնադրված ավանդույթի շարունակականությունը:

«Մեր պարտքն է, այս ամենը կազմակերպել։ Այսօր հարգելի պատճառներով Սանոսյան եղբայրները այստեղ չեն, սակայն մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը»:

par

Միջոցառման կազմակերպման համար Նինոծմինդայի տեղական իշխանություններին չեն դիմել, որպեսզի որևէ աջակցություն ստանան։ Գյուղացիները ինչով կարողացել օգնել են, որպեսզի այսօրվա միջոցառումը կայանա։

poqrikner

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր նորից նշեցինք մեր գյուղի օրը, իհարկե, շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ես ուզում եմ, որ ոչ միայն գյուղի օրը, այլ յուրաքանչյուր հաղթանակ Ջավախքում մեծ շուքով նշվի», – ասաց գյուղի բնակիչ Աշոտ Ծառուկյանը։

paruhin

1918 թվականին թուրքական 5-րդ դիվիզիան, ուղղություն վերցնելով դեպի Ջավախք՝ Թբիլիսին նվաճելու համար, հանդիպեց սաթխացիների դիմադրությանը: Աշխարհազորային ջոկատները, որոնց միացան նաև մյուս գյուղերի կամավորական խմբերը, կանգնեցրին թուրքական կանոնավոր բանակին, ապահովելով բնակիչների տեղափոխությունը Ծալկա և փակելով դեպի Թբիլիսի թշնամու ճանապարհը: Սաթխայի հերոսամարտը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո քաջաբար կասեցրեց թշնամու բանակի առաջխաղացումը:

Հարյուրավոր հայ մարտիկներ զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ, որով կանխեցին ինչպես ջավախահայության ամբողջական կոտորածը, այնպես էլ Թբիլիսին նվաճելու թշնամու մտադրությունը:

2003 թվականից սկսած Ջավախքի Սաթխայում, անկախ եղանակային պայմաններից մարդիկ հավաքվում են գյուղի վերջնամասում և մեծ շուքով, հայկական երգով ու պարով, նշում 1918 թ.-ի թուրքերի դեմ մղած հայ-վրացական ինքնապաշտպանական պայքարի հաղթանակների օրը: