Օրլովկայից մինչև Հայաստանի հետ սահմանը Ախալցիխե-Նինոծմինդա միջպետական ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են տարվում: 15 կմ-ոց հատվածը վերանորոգվում է 2018 թվականի հունիսից:

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը գտնվում է վատ վիճակում և իրական փորձություն է հանդիսանում վարորդների համար:

Այս փուլում աշխատանքներ են տարվում հիմքը պատրաստելու համար, որոշ տեղերում ասֆալտի հիմքը փորում են 120 սմ խորությամբ: Վերանորոգման աշխատանքների պատճառով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դժվարանցանելի է: Այնտեղ, որտեղ աշխատում է տեխնիկան, երթևեկությունը միակողմանի է, այդ իսկ պատճառով հաճախ ստիպված են լինում սպասել, որպեսզի հակառակ կողմից եկող մեքենաները անցնեն և միայն դրանից հետո շարունակեն ճանապարհը:

Վերակառուցման աշխատանքները կատարվում են «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինական ընկերության կողմից, որը համարվում է այս նախագծի տենդերը շահած «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերության կապալառուն:

2

«Այժմ հիմքը քճաքարով է ծածկվում, ապա մենք հարթեցնելու և սալահարելու ենք», – ասում է «ՋավախԱվտոԳզայի» աշխղեկ Ռուսլան Թորոսյանը:

1

Ըստ նրա, ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն 15 օր հետո: Ճանապարհաեզրերը և ճանապարհի երկայնքով բետոնե ջրանցքներ կկառուցվեն:

Այս տարածքի վերանորոգումն արդեն երկար տարիներ քննարկման թեմա է ինչպես Վրաստանի և Հայաստանի բնակիչների միջև, այնպես էլ այդ երկրների պաշտոնատար անձանց միջև: Նախընտրական և ուղղակի խոստումների արդյունքում, վերջապես, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարեց 2018 թվականին Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի հիմնանորոգման համար տենդեր: Մրցույթին մասնակցում էին երկու ընկերություններ, տենդերը շահեց «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերությունը՝ 13 808 673 լարի չափով:

Վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետն ըստ տեներային պայմանների՝ 2019 թ. նոյեմբերի 6-ն է, սակայն շինարարական ընկերությունից խոստացել են, որ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: