Ջավախքցիների համար հիմնախնդիր դարձած նոր միգրացիոն օրենքը, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր նրանք հայտնվեցին այս վիճակում և ինչի պատճառով մարդիկ ստիպված լքում են սեփական տները:
Ջավախքցիների հիմնախնդիրների ցանկը ևս մեկով ավելացավ անցյալ տարվա աշնանից, երբ Վրաստանն ընդունեց նոր միգրացիոն օրենք, որն ըստ էության պետք է կարգավորեր պետության միգրացիոն և վիզային քաղաքականությունը:
Այս հիմնխնդիրները, որպես հաղթաթուղթ լայնորեն օգտագործվում է տարբեր ներքին, արտաքին ուժերի և լրատվամիջոցների կողմից: Վրացական և հայկական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են առաջացած խնդիրը, նույնիսկ չհասկանալով հիմնախնդրի առաջացման պատճառը: Ռուսաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցները և փորձագետները բարձրացնում են այս հիմնախնդիրները, փորձելով խառնել հարաբերությունները ջավախահայերի և Վրաստանի իշխանությունների միջև: Ակտուալ և ցավալի այս թեման ակտիվորեն շահագործվում է, սակայն քչերն են հետաքրքրվում կամ փորձում հասկանալ խնդրի բուն էությունը:
Ստեղծված իրավիճակի հիմքում սոցիալական խնդիր է՝ գործազրկություն. 2007 թվականին Ախալքալաքից դուրսբերվեց ռուսական ռազմաբազան, որը տեղացիների հիմնական աշխատատեղերից էր:
Նախքան ռուսական ռազմաբազայի տեղափոխելը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և կառավարությունը խոստացան նոր աշխատատեղերով ապահովել բնակչությանը:
Ռուսական ռազմաբազան հանվեց իսկ խոստումները, այդպես էլ գործողությունների չվերածվեցին:
Այդ ամենին գումարած վատթարացան նաև դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև և որպես հետևանք՝ վիզային ռեժիմ, կարճատև պատերազմ և մուտքի արտոնագրերի ռեժիմի խստացում:
Ինքնուրույն խնդիրները լուծող ջավախքցին սկսեց պետությանն առանց որևէ բողոք արտահայտելու, փնտրել նոր ելք փակուղուց: Շատացավ Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության համար տեղափոխվողների և այնտեղ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
Սկզբում ջավախքցին երկարաժամկետ մուտքի արտոնագրերի միջոցով էր մեկնում Ռուսաստան, իսկ երբ վիզային ռեժիմը խստացավ, գտնվեց այլ ելք: Այդ ելքը դարձավ երկքաղաքացիությունը, որի օգնությամբ Վրաստանի քաղաքացիները հեշտացված կարգով Հայաստանի երկքաղաքացիություն են ստանում: Ստացողների ցանկում ոչ միայն հայազգի, այլև վրացի ու այլ ազգերի ներկայացուցիչներ են եղել: Շատերը հեշտացված հայկական երկքաղաքացիության միջոցով ձեռք բերեցին Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի շրջանցեն Ռուսաստանում տիրող աշխատանքային բյուրոկրատական քաշքշուկները:
Միևնույն ժամանակ շատերը տեղյակ չէին, որ ստանալով Հայաստանի երկքաղաքացիություն, ինքնաբերաբար կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը, ոմանք էլ գիտակցաբար են գնացել այդ քայլին՝ չունենալով այլ ելք: Մարդիկ ունենալով և Հայաստանի, և Վրաստանի անձնագրեր իրենց համարում են նաև Վրաստանի քաղաքացի:
Հայաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է գտնվում, թե Ռուսաստանի, թե Վրաստանի հետ: 2013 թ-ին Վրաստանը սկսեց մասսայաբար զրկել ջավախքցիներին Վրաստանի քաղաքացիությունից՝ ի հայտ բերելով նոր խնդիրներ:
Ավելի ուշ պարզ դարձավ երկու երկրների քաղաքական տարբեր ուղեգծերը՝ Եվրոպական միություն և Մաքսային միություն: Վրաստանը կտրուկ, առանց որևէ նախապատրաստական ընթացակարգի սկսեց իրականացնել նոր միգրացիոն և ավելի սահմանափակող քաղաքականություն, հաշվի չառնելով երկրի և բնակչության տնտեսական ապահովության մակարդակը: Երկու հարևան երկրների քաղաքական տարբեր ուղիների խաչմերուկում հայտնվեցին ջավախահայերն իրենց հայկական երկքաղաքացու անձնագրերով:
Եթե Հայաստանի քաղաքացիների դեպքում Վրաստանը զիջումների է գնում, ապա Ռուսաստանի քաղաքացիների դեպքում իրավիճակը շատ ավելի բարդ է, որի հիմքում առկա կոնֆլիկտներն են Աբխազիայում և Հարավային Օսիայում:
Այսպիսով, մարդիկ, ովքեր ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն մեկնել են արտերկիր աշխատելու, որպեսի կարողանան ֆինանսով ապահովեն սեփական ընտանիքները՝ հայտնվեցին օրենքի հակառակ կողմում: Ժամանակավոր կացության իրավունք և երկքաղաքացիություն կարող է տալ միայն Վրաստանի նախագահը: Ջավախքցիները, ովքեր ունեն այլ երկրների քաղաղացիություն այսուհետ կարող են սեփական տանն ապրել ընդամենը 180 օր, 90 օր ընդմիջումով: Հազարավոր մարդիկ սկսեցին դիմել կացության թույլտվություն ստանալու համար: Շատերին պարզապես մերժեցին կացության թույլտվություն տրամադրել, պատճառաբանությամբ, որ տվյալ անձը հանդիսանում է սպառնալիք Վրաստանի անվտանգությանը: Այդ մարդկանց թվում էին նաև 2 և 4 տարեկան երեխաները: Շատերը ստացան կացության թույլտվություն բազմաթիվ փորձերից և ծախսված գումարներից հետո:
Մարդիկ, մինչև ականջները խրվել են թղթաբանության մեջ և Վրաստանում, և Հայաստանում, և Ռուսաստանում: Մարդիկ հուսահատության եզրին են: Ախալքալաքի հանրային ռեգիստրում ամեն օր մեծ հերթեր են գոյանում:
Իրավիճակը բարդացավ այնքան, որ Արդարադատության նախարարն ստիպված եղավ անձամբ ծանոթանալ խնդրին և այցելեց Ջավախք:
Հակոբ Գաբրիելյանը, ում ընտանիքը, հարազատները ապրում են Ախալքալաքում, անձամբ էր դիմել նախարար Թեա Ցուլուկիանիին:
– «Ես եկա հանրային ռեգիստր, հարցրեցին, թե արդյոք հիմք կա, որ կարող եմ ստանալ: Հարցրեցի, թե ինչ հիմքեր՝ պատասխանեցին ծնողներ, երեխաներ եթե ծնողները մահացել են երեխաներ պետք է ունենաք, ովքեր Վրաստանի քաղաքացի են: Հավաքեցի փաստաթղթերը, եկա ասեցին հերթ պահեք, ցուցակներում դուք կաք: Ինձ ասացին, որ ես պետք է ունենամ ռուսական վիզա, հարցրեցի, թե որտեղ ես կարող եմ անել վիզա Հայաստանում՝ պատասխանեցին ոչ, քանի որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ պետք է վերցնեմ Ռուսաստանում: Նրանց ասացի, որ երեք ամիսը լրանում է, ես չեմ կարող այլևս ապրել այստեղ, կտուգանվեմ: Ասեցին սպասեք տեսնենք միգուցե օրենքը փոխվի: Հիմա ես սպասում եմ, որ օրենքը փոխվի, փաստաթղթերս ձեռքիս. Սակայն, ես հիմա պետք է գնամ Ռուսաստան, մնամ այնտեղ 3 ամիս որպեսզի բերեմ վիզա», – ասաց Հակոբ Գաբրիելյանը:
Մեկ այլ քաղաքացի Ախալքալաքի Խորենյա գյուղից եկել էր հայաստանցի հարսի հարցերով:
– «Մեր հարսնացուն Հայաստանի քաղաքացի է, Խոդրյան Գայանե, նրա երեխաները ծնվել են այստեղ, մենք ապրում ենք այստեղ. Մեզ ասացին, որ մենք պետք է 5000 լարի մուծենք բանկ: Մի քանի օր առաջ էլ ասեցին, թե պետք է անել այսպես-այնպես…», – պատմեց Խորենյա գյուղի բնակիչը:
Շատերը պարզապես հայտնվել են երկու քարի արանքում:
– «Ես ապրում եմ Ռուսաստանում, իմ երեխաները ապրում են Ռուսաստանում, իսկ կինս Վրաստանի քաղաքացի է, ես եկա այստեղ, պետք է կացության թույլտվություն ստանամ: Կացության թույլտվություն չեն տալիս ասելով, որ ես պետք է վերադառնամ վիզա ստանալուց հետո», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ, ով դիմել է Արդարադատության նախարարին:
Նմանատիպ պատմությունները շատ-շատ են՝ ընտանիքներ, որոնք պարզապես բաժանվել են երկու մասի, հանդիպել են փաստաթղթերում սխալների որոնց պատճառով սկսել են նորից փաստաթղթեր պատրաստել ու նմանատիպ հիմնախնդիրներ: Պարզապես մարդիկ, ովքեր իրենց հիմնախնդիրների հետ մնացել են մեն-մենակ:
Քրիստինե Մարաբյան