Նախկին զինվորական թիվ մեկ ավանում մեկ տարի առաջ նախատեսված խաղահրապարակը չի կառուցվելու, քանզի Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեմ է իր տարածքում խաղահրապարակ կառուցելուն։
Անցյալ տարի, ամռանը նախկին զինվորական թիվ մեկ ավանի երեխաները մեծ ոգևորությամբ սպասում էին կառուցվելիք խաղահրապարակի ավարտին, որը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում ու տեղափոխվում էր։
Սկզում որոշվել էր խաղահրապարակը կառուցել նախկին զինվորական ավանի հարավային մասում, նախկինում հայտնի «Ռուսիչ» ռեստորանի մոտակայքում, աշխատանքները այդ տարածքում նույնիսկ սկսվել էին: Սակայն դրանք դադարեցվեցին և խաղահրապարակ սկսեցին կառուցել մեկ այլ տարածքում, ավանի կենտրոնական մասում: Քիչ ուշ պարզվեց, որ այդտեղ չէր կարելի շինարարական աշխատանքներ իրականացնել, քանի որ այդ տարածքը գտնվում է Վրաստանի պաշտպանության նախարարության իրավասության տակ:
Տարածքում շինարարական աշխատանքների թույտվության համար 2016 թվականի սեպտեմբեր ամսից տեղական իշխանությունը դիմել էր պաշտպանության նախարարությանը, ակնկալելով դրական պատասխան։
«Պարզվեց այդ հատվածը զինվորական տարածք է։ Այս պահին սպասում ենք մեր դիմումի պատասխանին, որից ելնելով կամ կթողնեն մեզ վերջացնել սկսաց աշխատանքը, կամ կարգելեն։ Հուսով ենք դրական պատասխան կստանանք և կշարունակվի կիսատ թողած գործը»,- մեզ հետ զրույցում ասել էր Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը 2016թ. սեպտեմբերի 2-ին։
Դիմումից ամիսներ անց պաշտպանության նախարարությունը գրել է պատասխանը, որով հրաժարվում է տարածքը տրամադրել տեղական իշխանությանը, պատճառաբանելով, որ գուցե որոշ ժամանակ անց հնարավոր լինի, սակայն այս պահի դրությամբ այն չեն կարող տրամադրել՝ այս մասին մենք տեղեկացանք տեղական իշխանությունից։
Զինվորական տարածքում խաղահրապարակ չի կառուցվելու, իսկ այլ վայրում կառուցելու համար համապատասխան միջոցներ այլևս չկա։ Անցյալ տարվա երկու տարածքների վրա կատարած կիսատ աշխատանքներից հետո միջոցները նվազել են և մեկ այլ վայրում խաղահրապարակ կառուցել հնարավոր չէ։
Ջուլիետա Տոնականյան