Այսօր Ախալքալաքի Խաս Բախչա այգում անցկացվեց իրազեկման ակցիա: Այն կազմակերպել էր Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնական և տարածաշրջանային գրասենյակները, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 9 քաղաքներում միաժամանակ անցկացրեց տեղեկատվական իրազեկման ակցիաներ: Այն քաղաքներում, որտեղ Մարդու իրավունքների ժողովրդական պաշտպանի գրասենյակներ կան:

«Հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենք ունեն իրավունքներ, իրենց իրավունքները ամրագրված են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության հռչակագրում, այլև նաև Վրաստանի սահմանադրությամբ ունեն իրենց իրավունքները»,- իր խոսքում նշեց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանության Սամցխե-Ջավախքի գրասենյակի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը:
akcia
Հավաքված մարդկանց բաժանվեց տեղեկատվական փոքրիկ գրքույկներ, որոնց մեջ մանրակրկիտ ներկայացված է Ժողովրդական պաշտպանի մանդատի ու գրասենյակի գործառույթները:

Այսօր իրազեկման ակցիայի ժամանակ բաժանվեցին նոր թարգմանված բրոշյուրներ, օրացույցեր, գրքույկներ և այլ պարագաներ: Այսուհետ գործում է նաև թեժ գիծ՝ 1481 զանգելով մարդիկ կարող են տեղեկացնել իրենց ոտնահարված իրավունքների մասին:

«Մարդիկ կան որ չգիտեն ինչ է առհասարակ ժողովրդական պաշտպանի մանդատը, ինչ հարցերով է զբաղվում: Օր. եթե վեճը երկու հարևանների մեջ է, այսինքն ֆիզիկական անձանց, ապա դա մեր մանդատի շրջանակներում չէ: Եթե մարդու իրավունքները ոտնահարվել են իրավաբանական անձանց կողմից կամ նմանօրինակ փաստերի դեպքում է, որ մրդու իրավունքների ժողովրդական պաշտպանին պետք է դիմեն»,- ասաց Սեդա Մելքումյանը:

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների մասին երկու միջազգային դաշնագրի հռչակման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված մեկամյա արշավի մեկնարկ տվեց։ Դրանք են՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից 1966 թ. դեկտեմբերի 16-ին։

Այդ երկու դաշնագրերը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ միասին կազմում են Մարդու իրավունքների միջազգային օրինագիծը, սահմանելով քաղաքական, մշակութային և սոցիալական իրավունքները՝ որպես յուրաքանչյուր մարդու բնածին իրավունքներ։

«Մեր իրավունքները։ Մեր ազատությունները։ Ընդմիշտ։» արշավի նպատակն է նպաստել այդ երկու դաշնագրերի մասին իրազեկվածության բարձրացմանը։ Մեկամյա արշավի հիմնական թեման իրավունքներն ու ազատություններն են՝ խոսքի ազատություն, դավանանքի ազատություն, կարիքից զերծ լինելու ազատություն և վախից զերծ լինելու ազատություն, որոնք հաստատում են, որ Մարդու իրավունքների միջազգային օրինագիծը նույնքան արդիական է, որքան և 50 տարի առաջ՝ Դաշնագրերի ընդունման ժամանակ։
akcia2
Նշենք, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։ Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։

Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:

Աղունիկ Այվազյան