Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից վերանայված բյուջեի հերթական փոփոխություններն ապրիլի 17-ին Շրջանային ժողովում (Սակրեբուլոյում) հաստատվեցին :
Բյուջեի փոփոխությունների փաթեթը հետ վերադարձվելուց հետո, հաշվի առնելով պատգամավորների բոլոր դիտողությունները, նորից ներկայացրեցին Շրջանային ժողովի հաստատման:
Անփոփոխ մնացին «Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» կողմից պահանջվող գումարներն ու Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանի կողմից պահանջվող գումարները՝ համապատասխանաբար 412 100 և 20 000 լարի: Չեն փոխվել նաև շտապ օգնության նոր շենքի կառուցման համար երկրաբանական հետազոտության գումարը և Խանդո գյուղի ծիսակատարության տան համար գազի վառարանների ձեռքբերման գումարը: Հանրային առողջապահության կենտրոնի խնդրանքը բավարարվեց մասամբ, այսինքն՝ դեկրետային արձակուրդի գումարը հատկացվեց, սակայն մերժվեց պատուհանների համար շերտավարագույրների ֆինանսավորումը: Խնդրում էին 3628 լարի, սակայն հատկացվեց 2523 լարի:
Վերահաշվարկից հետո մանկապարտեզների սննդի համար հատկացվել է 21 427 լարի: Ընդհանուր առմամբ հանեցին Մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բաժնի կողմից գենդերային զարգացման (4400 լարի) համար պահանջվող գումարը: Բացի այդ, փոփոխությունների փաթեթում չեն ընդգրկվել նախապես պահանջված՝ 2250 լարի գումարը, Մաջադիա գյուղում սեղանի թենիսի խմբի բացման համար:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 17-ին Սակրեբուլոյի նիստի օրակարգում, բացի Ախալքալաքի շրջանի բյուջեի փոփոխություններից կային նաև այլ հարցերը՝ հաշվետվություն և բյուջեի գնահատում, քաղաքապետարանում և Սակրեբուլոյում աշխատանքային պայմանագրով աշխատողների թվաքանակի մասին որոշումը, Ախալքալաքի քաղաքապետարանի Սակրեբուլոյի որոշումը հրդեհային ծառայության մասին, որն արդեն երեք տարի է քաղաքապետարանի իրավասությունից դուրս է:
Պատգամավորները բյուջեի կատարումը գնահատեցին քիչ թե շատ բավարար, նշելով, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ բյուջեում մեծ մնացորդ է էղել՝ 4 558 200 լարի: Քվեարկության ժամանակ որոշ պատգամավորներ դժգոհություն հայտնեցին, որ բյուջեում ֆինանսավորման առկայության դեպքում նրանց մերժվել է աշխատանքների կատարում: Մասնավորապես, պատգամավորները խնդրում էին Կարտիկամի ճանապարհի վերականգնում և հարթեցում, որն անցնում է Խուլգումո և Կուլիկամ գյուղերով: Խանդո գյուղի ճանապարհի վերականգնում, որի նախագիծը վաղուց պատրաստ է: Անավարտ է մնացել Գումբուրդու գյուղի ոռոգման համակարգի վերականգնումը՝ ընդամենը 600 մ է մնացել, որպեսզի ջրամատակարարման նախագիծն ավարտվի:
Պատգամավորները քվեարկել են քաղաքապետարանի աշխատակազմի և Սակրեբուլոյի աշխատանքային պայմանագրով աշխատողների թվաքանակի փոփոխության օգտին: Առանց որևէ հարցի, անցավ հրդեհային ծառայության կանոնակարգի չեղյալ հայտարարելու պրոցեսը:
Նիստի վերջում ելույթ ունեցավ «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով մեղադրում էր մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին նրանում, որ նա չի տեղեկացրել որ կարտոֆիլի ներմուծման համար փակել են միայն Թուրքիայի սահմանը: Իսկ մյուս երկրներից կարտոֆիլի ներկրումը շարունակվում է:
Պատգամավորները դեմ էին այս մեղադրանքին, ասելով, որ գյուղացիները գիտեն, որ հենց Թուրքիայի հետ սահմանն է փակ:
Սակրեբուլոյի նախագահը պատասխանեց հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր սեփական ներդրումը այս հարցում, և բոլորը պետք է փորձեն օգնել: Այս մարդու ներդրումը (Հենզել Մկոյանի) այս դեպքում մեծ է, և նա դա արեց: Ես չգիտեմ, թե ինչ ներդրում ունեմ այնտեղ ես և դուք », – ասաց Նաիրի Իրիցյանը:
Սամվել Պետրոսյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, այդտեղ ներառել իրենց խմբակցությունը, քանի որ, նրա խոսքերով, նրանք ունեն այս իրավիճակից դուրս գալու ծրագիր, որը մշակված չէ:
Շուշան Շիրինյան