Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում կայացավ 2023 թվականի ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։ Այս տարի բակալավրի աստիճան է ստացել 35 ուսանող, նրանցից 10-ը՝ բանասիրական ֆակուլտետից, իսկ 25-ը՝ տնտեսագիտության։
Համալսարանի բակը մարդաշատ էր։ Հավաքվել էին ավարտականների հարազատները, ընկերները և ընտանիքի անդամները։ Բոլորը ծաղկեփնջերը ձեռքերին, սրտի թրթիռով սպասում էին, թե երբ կհնչի իրենց անուն ազգանունը։
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։ Այնուհետև հնչեցին Վրաստանի և ուսանողական օրհներգերը։
Արարողությանը ներկա էին՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանի դասախոսական կազմը, Ախալքալաքի և Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարները, դպրոցների տնօրեններ և այլ հյուրեր, ովքեր իրենց շնորհավորական խոսքը հղեցին ավարտականներին։
Միջոցառման ընթացքում պատվոգրեր հանձնվեցին գերացանցությամբ համալսարանն ավարտած շրջանավարտներին, ինչպես նաև նրանց ծնողներին և դպրոցի տնօրեններին։ Այդպիսի շրջանավարտներն այս տարի երեքն էին՝ երկուսը՝ բանասիրական ֆակուլտետից, մեկը՝ տնտեսագիտության։
Նշենք, որ անցած տարի տնտեսագիտության և բանասիրության ֆակուլտետի բակալավրիատն ավարտել է 47 ուսանող, որից 35-ը սովորում էր տնտեսագիտական, իսկ 12-ը` բանասիրական ֆակուլտետում: Գերազանցությամբ համալսարանն անցած տարի ավարտել է 4 ուսանող՝ երկու տնտեսագետ և երկու բանասեր։
Ավարտականների պարգևատրման հանդիսավոր արարողությունն ավարտվեց շրջանավարտնեի ավանդական գլխարկների վերև նետելու արարողությամբ։
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի ռեկտորի տեղակալ Վասիլ Մոսիաշվիլին Jnews-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի ավելացել է ուսանողների թիվը ոչ միայն Ախալցիխեում, այլև Ախալքալաքում։ Ինչպես նաև նկատելի է “4+1” նախագծով ընդունվողների քանակի ավելացում։ Այս տարի “4+1” նախագծով համալսարան է ընդունվել 29 ուսանող։ Վերջինս նաև ավելացրեց, որ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումն այս տարի ուշ կայացավ, քանի որ համալսարանի բակում վերանորոգում էր ընթանում։