Այսօր սկսվեց հուլիսի 5-ին հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանված վարորդների տույժերի չեղարկման գործընթացը: Տուգանքները կչեղարկվեն մեկ ամսվա ընթացքում:
Այսօր Ճանապարհային շրջիկ ոստիկանության Ախալցիխեի բաժանմունք էին գնացել հայկական վարորդական իրավունքի պատճառով տուգանված վարորդները, ովքեր համաձայն չեն եղել տուգանքի հետ և չեն ստորագրել արձանագրության տակ:
Հովհաննես Եզոյանը, ում հուլիսի 5-ին վրաց-հայկական սահմանը հատելիս 500 լարիի չափով տուգանք էին գրել, որ երթևեկում է հայկական վարորդական իրավունքով, հենց նոր է դուրս եկել Ախալցիխեի սոտիկանությունից: Նա Jnews-ին տեղեկացրեց, որ մոտ մեկ ամսվա ընթացքում կչեղարկվեն այն վարորդների տուգանքները, ովքեր համաձայն չեն եղել տուգանքի հետ:
«Ինձ ոստիկանությունից նամակ եկավ, որ ներկայանամ Ախալցիխե կապված տուգանքնների հետ: Այսօր դիմում գրեցի, որ տուգանքը չմուծեմ, ասացին մեկ ամսվա ընթացքում պատասխան կգա և կչեղարկեն: Մոտ մեկ ամիս կտևի ամբողջ թղթաբանությունը», – ասաց Հովհաննես Եզոյանը Նինոծմինդայից:
Վերջինիս խոսքով, մոտավոր 10 տուգանված վարորդ, որոնցից 6 Ախալքալաքից են եղել, իսկ մնացածները Նինոծմինդայից գնացել են Ճանապարհային ոստիկանության Ախալցիխեի բաժանմունք:
«Մեզ ասացին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առանց որևէ խնդրի կարող ենք հայկական վարորդական իրավունքով երթևեկել»,- նշեց Հովհաննեսը:
Jnews-ը փորձեց Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից ճշտել և պարզել, թե կոնկրետ ինչ օրենքի հիման վրա են չեղարկվում վարորդների տույժերը և նրանք ի՞նչ գործողություններ պետք են կատարեն արդեն գրված տուգանքները չեղարկելու համար:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից Նինո Ցխադաձեն տեղեկացրեց, որ նախկինի նման հայկական վարորդական իրավունքով կարող են երթևեկել, եթե տարին մեկ անգամ սահման անցնեն: Իսկ, թե ինչ գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում տուգանքները չեղարկվում են վերջինս նշեց, որ այդ տեղեկատվությունը մամուլի համար չէ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի տեղեկացմամբ չեղարկման գործընթացը արդեն սկսված է, սակայն կան 3 տուգանվածներ, ովքեր չեն դիմել և չեն գնացել Ախալցիխե չեղարկման գործընթացը սկսելու համար: Կարևոր է, որ նրանք հնարավորինս շուտ ի հայտ գան և նույնպես օգտվեն տուգանքների չեղարկման հնարավորությունից:
Աղունիկ Այվազյան