Այս տարի պետությունը «Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում 40 մլն լարի կծախսի: Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջին տարեկան զեկույցում, որը ներկայացվել է խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին:
Փաստաթղթում ասվում է, որ «Գյուղին աջակցություն» ծրագիրը երկամյա ընդմիջումից հետո վերականգնվել է 2019 թվականին, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40 մլն լարի արժողությամբ 4 հազար 833 փոքր բյուջե ունեցող ենթակառուցվածքային ծրագիր:
Սույն ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի: Իսկ Նինոծմինդայի շրջանին՝ 444 000 լարի: Գումարի բաշխումն իրականացվել է ըստ բնակչության թվաքանակի:
Թե Ախալքալաքում, թե Նինոծմինդայում բոլոր գյուղերը որոշել են, թե ինչ աշխատանքներ են իրականցնելու: Հիմնականում «Գյուղին աջակցություն» ծրագրի գումարները կուղղվեն գյուղերում մարզագույքի ձեքբերմանը, գյուղական ներքին ճանապարհների հարթեցմանը, խմելու ջրագծերի նորգմանն ու խաղահրապարկների կառուցմանը:
Վրաստանի Կառավարության պարզաբանմամբ, «Գյուղին աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերն ընտրվել են բնակչության անմիջական մասնակցությամբ, ինչը կարևոր քայլ է ապակենտրոնացման գործընթացում:
Աղունիկ Այվազյան