Արդեն 40 տարի, ամեն օր, առավոտյան սուրճից հետո նա իր ձեռքն է վերցնում թելն ու ասեղը: Հաճախորդների հետ շփվում է կնոջ կամ ձեռքերի օգնությամբ։ Այս ժպտերես դերձակը Մկրտիչ Ղազարյանն է:

Նա ծնվել է 1958 թվականին՝ Ախալքալաքում։ Ի ծնե լսողական խնդիրներ է ունեցել։ Լսողությունը վերջնական կորցրել է 8-րդ դասարանում, համադասարանցիների հետ կռվի պատճառով:

#2

Այս տարի լրացավ 40 տարին, ինչ վարպետ Մկրտիչը դերձակ է աշխատում:

#3

Կարել սովորել է 19 տարեկանում Ախալքալաքի թիվ 1 զինվորական ավանում: 6 ամիս սովորելուց հետո հենց այնտեղ էլ աշխատանքի է անցել և աշխատել մինչև խորհրդային կարգերի փլուզումը։

#4

1990 թվականից սկսած դերձակ Մկրտիչն աշխատում է իր փոքրիկ արհեստանոցում, որը ինքն է իր ձեռքերով կառուցել:

#5

Հաճախորդների հետ շփվել հաճախ օգնում է կինը՝ Ազնիվը, ով ամուսնության երկար տարիների ընթացքում հասցրել է ամուսնու ժեստերի լեզուն սովորել։

#6

Մշտական հաճախորդները ևս փորձում են ժեստերի լեզվով հաղորդակցվել Մկրտիչի հետ:

#7

Ազատ ժամանակ վարպետ Մկրտիչը սիրում է գիրք կարդալ, տնամերձն է մշակում, սեղանի թենիս խաղում:

#8

Դպրոցական տարիներին դերձակ Մկրտիչը ակտիվ սպորտով էր զբաղվում։ Երևանում սեղանի թենիսի դպրոցականների առաջնությունում առաջին տեղն է գրավել:

#9

Չնայած լսողության խանգարումների, հանգստի ժամերին սրճելու հետ մեկտեղ նա սիրում է հեռուստացույց դիտել:

Արթուր Մոսոյան

Նյութը տպագրվել է «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ում» ծրագրի շրջանակներում: Նյութի հեղինակն այս ծրագրի երիտասարդական խմբի անդամ է: