Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղն ունի ջրատար խողովակ, բայց ջուր չունի: Գյուղի բնակիչները բացատրում են նրանով, որ խողովակները հին են և հարևան գյուղերի բնակիչները ծակել են խողովակաշարը ու միացել իրենց գծին, ինչի հետևանքով ջուրը չի հասնում Լոմատուրցխ:
Ջրավազանը, որտեղից Լոմատուրցխ գյուղը ջուր է ստանում գտնվում է Բեժանո գյուղում: Այնտեղ են գտնվում նաև մի քանի այլ գյուղերի ջրավազաններ: Բեժանոից մինչև Լոմատուրցխ տարված խողովակաշարի երկարությունը 12 կմ է:
Լոմատուրցխի բնակիչների խոսքերով այնքան են խոսել և բողոքել ղեկավարներին, որ արդեն հոգնել են, հույս էլ չունեն, թե երբևէ խնդիրը կլուծվի:
Իրիցյան Հնձարը դժգոհում է, որ իրենց մոտ ղեկավարները միայն ընտրությունների ժամանակ են գալիս, իսկ երբ անհրաժեշտ է խնդիրներ լուծել, ոչ գալիս են, ոչ էլ գործ անում:
-«Գալիս են միայն նախընտրական արշավի ժամանակ: Ընտրվելուց հետո հնարավոր չէ այլևս նրանց հետ խոսել: Ում ասես, որ չենք դիմել, անօգուտ է: Ոչ ոք նրանց չի արգելում, թե ինչու եք անջատում ջուրը: Նրանք (հարևան գյուղերը) 10 հատ աղբյուր ունեն, իսկ մենք ոչ մի հատ»,- ասում է Իրիցյան Հնձարը:
Բերակչյան Աղվանի խոսքերով պահակը երեք օր փակում է ջրավազանը, որ ջուրը հավաքվի ու հետո գոնե մեկ ժամ Լոմատուրցխի բնակիչները ջուր ունենան:
-«Որպեսզի խմելու՝ առաջին անհրաժեշտության համար ջուր հավաքենք: Այդ ջուրը խմելու բան էլ չի: Մենք բոլորս երևի աղիքների խանգարում ունենք, ուղղակի դեռ գլխի չենք ընկել, որովհետև այն ջուրը, որը մենք ենք խմում կեղտոտված է»,- դժգոհում է Աղվան Բերակչյանը:
Պետությունն այս տարի տվյալ ջրատարի վերանորոգման համար հատկացրել է 170 000 լարի: Անցյալ տարվա «Գյուղի աջակցության ծրագրի» հատկացված փողերով բնակիչները ձեռք են բերել խողովակներ:
Սակայն 170 000 լարին կլուծի միայն խողովակների մաշվածության հարցը, իսկ թե դա ինչպես է ազդելու այն փաստի վրա, որ հարևան գյուղերը դադարեցնեն ջրի գողությունը մեծ հարց է:
Լավրենտ Հարությունյանի խոսքերով, այս տարի բարեբախտաբար ձմեռը խիստ չէր, ջրերը չսառեցին և մի քիչ գալիս է:
Սեդրակ Ավագյանը նույնպես դժգոհում է, որ արդեն հոգնել են հարևան գյուղերից ջուր տեղափոխելուց:
-«Ջեռուցման համակարգ, լվածքի մեքենա գյուղում չեն աշխատում: Ամբողջ ձմեռ գյուղի բնակիչները ընտանիքի կարիքների համար մեքենաներով ջուր են կրել հարևան գյուղերից: Պատկերացնում եք, թե ինչքան ջուր պետք է կրել, որ մի ամբողջ ընտանիք լողանա և կենդանիները խմեն»,- ասում է Սեդրակը:
Լոմատուրցխ գյուղի բնակիչները բողոքեցին նաև իրենց գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակից:
Շուշան Շիրինյան