Հունիսի 9-ին Ախալցիխեում անցկացվեց շախմատի տարածաշրջանային մրցաշար, որտեղ առաջին տեղը գրավեց Ախալքալաքի ներկայացուցիչ Վալոդյա Չախալյանը:
Շախմատի մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը: Այն անցկացվում է Վրաստանի բոլոր տարածաշրջաններում: Այդ մրցումների հաղթողները հուլիս ամսին կմեկնեն Անակլիա, որտեղ ևս տեղի է ունենալու շախմատի Վրաստանի առաջնությունը: Նույն մրցաշարի շարունակությունն է լինելու, որին իրավունք են ստանում մասնակցելու միայն շրջանային մրցույթներում առաջին տեղեր գրաված շախմատիստները:
«Վալոդյա Չախալյանը գրավեց առաջին տեղ, իր հանդիպումները մեծ վերելքով անցկացրեց, բոլորի նկատմամբ տանելով հաղթանակներ և դարձավ մրցաշարի հաղթող: Շատ ուրախ ենք, որ 6 շրջանից առաջին տեղ գրավեց մեր մասնակիցը»,- ասաց Ախալքալաքի Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը:
Նշենք, որ շախմատի մրցաշարն անցկացվում էր միայն 14-16 տարեկանների միջև: Մրցումները կայացան օլիմպիական կարգով, պարտվողը ինքստինքյան դուրս էր մնում մրցաշարից:
Մրցաշարին մասնակցում էին մեկական մասնակից Սամցխե-Ջավախքի 6 շրջաններից՝ Ախալքալաք, Ախալցիխե, Նինոծմինդա, Ադիգեն, Բորժոմ, Ասպինձա:
Վալոդյա Չախալյանը 15 տարեկան է, 6 տարեկանից շախմատ է խաղում: 4 տարի է ինչ հաճախում է Ախալքալաքի Շախմատի դպրոց: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և գրավել առաջատար հորիզոնականներ:
Նշենք, որ աղջիկների միջև պայքարում էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նինոծմինդայի մասնակիցը։
Աղունիկ Այվազյան