Արագվա-Կոթելիա ճանապարհի բարեկարգումը գտնվում է նախավերջին փուլում և ամենաուշը տասը օրից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ճանապարհաշինական աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 2016 թվականի հունիս ամսից, շարունակվում են և բացի ճանապարհաշինությունից նաև աշխատանքով են ապահովում տեղացի բնակիչներին։ Աշխատանքները իրականացնում է ՍՊԸ «Ա.Ա.Բ»-ն, որը ներկա դրությամբ ունի 30 աշխատակից, ովքեր հիմնականում տեղացիներ են, միայն տեխնիկայի օպերատորներն են Երևանից։
«Հիմա մենք արդեն կատարում ենք բետոնացման աշխատանքները։ Այժմ կարելի է ասել նախավերջին փուլի վրա ենք աշխատում, որը ամենաուշը տասը օրից կվերջացնենք։ Ճանապարհը նախատեսված է հանձնել օգոստոսի վերջ ու մենք ամեն ինչ անելու ենք, որ ճիշտ ժամկետի մեջ մեր աշխատանքները վերջացնենք։ Կանգառների աշխատանքները վերջացրել ենք, միայն մի կանգառ կա, որի վրա դեռ աշխատանք կա անելու, և մնացել է ներկման աշխատանքները», – մեզ հետ զրույցում ասաց ՍՊԸ «Ա.Ա.Բ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՍՊԸ «Ա.Ա.Բ», որը շահել է աշխատանքները անցկացնելու տենդերը, հայկական կազմակերպություն է գրանցված Վրաստանում։ Կազմակերպությունը տենդերը շահել է 4 000 000 լարիով: Աշխատանքների համար տրված է 15 ամիս ժամկետ։ Չնայած կազմակերպության ներկայացուցիչները խոստանում էին ավելի շուտ վերջացնել, սակայն այսօրվա տվյալներով նրանք կավարտեն մինչև վերջնաժամկետը։
Ջուլիետա Տոնականյան