Ախալքալաքում տեղադրված են ջավախքյան արմատներ ունեցող 9 հայտնի և ճանաչված մարդկանց հուշարձաններ, և ոչ միայն: Ոչ բոլոր բնակիչները գիտեն թե, քաղաքում ինչ հուշարձան կա, և որտեղ է տեղադրված, սակայն որոշ մարդիկ ցանկանում են, որ տեղադրվեն նաև այլ հուշարձաններ:
Աշուղ Հավասի
Աշոտը, Հավասու դստեր հարևանը, փոքր էր, երբ Հավասին ապրում էր Ախալքալաքում: Նա հաճախ հյուրընկալվում էր դստեր տանը և Աշոտը ունի ջերմ հիշողություններ աշուղի հետ կապված: Հավասին կորցրել էր տեսողությունը մանկության ժամանակ ունեցած հիվանդության հետևանքով:
«Նա շատ էր սիրում երեխաներին, միշտ շփվում էր նրանց հետ: Նա գնում էր զբոսայգի, նստում, լսում, թե ինչպես են մյուսները խաղում շախմատ: Մի օր նա խնդրեց թոռանը ծխախոտ գնել, թոռը վերադարձրեց մանրը, բայց ոչ լրիվությամբ, նա շոշափեց և հասկացավ, որ մանրը պակասում է: Մենք դեռ զարմանում էինք, թե ինչպես էր նա դիպչելով հասկանում, թե ժամը քանիսն է: Չգիտեմ, հնարավոր է ժամացույցի վրա կային որոշ նշաններ»,- հիշում է Աշոտը:
Աշուղ Հավասին Ծալկայի շրջանի Այազմա գյուղից է: Ծնվել է 1896թ.-ին աղքատ գյուղացու ընտանիքում: Նա որոշ ժամանակ ապրել է Ախալքալաքում, որտեղ էլ ձևավորվել է, որպես երաժիշտ և 1944թ.-ին տեղափոխվել է Երևան:
Այժմ Ախալքալաքում նրա պատվին անվանված է փողոց և Վազգեն Սարգսյանի փողոցում տեղադրված հուշարձան:
Աշուղ Ջիվանի
Ազատության փողոցի և Աղմաշենեբելի փողոցի ճամփաբաժնին տեղադրված է հայտնի Աշուղ Ջիվանիի հուշարձանը: Նա Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է: Ծնվել է 1846թ.-ին: 8 տարեկանից նա որբ է մնացել և նրան մեծացրել է և դաստիարակել հորեղբայրը: Նրա պատվին Ախալքալաքում անվանված է մի փոքր թաղամաս: Կարծախ գյուղի դպրոցը նույնպես նրա անունով է: Ամեն տարի օգոստոսին, նրա հայրենի գյուղում տոնվում է Ջիվանու տոնը` «Ջիվանոբան»: Անցյալ տարվանից գյուղում նաև գործում է Ջիվանու Տուն-թանգարանը:
Մեսրոպ Մաշտոց
Ախալքալաքում վերջին անգամ հուշարձան տեղադրվել է 2010 թ.-ին: Դա հայոց այբուբենի ստեղծող՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանն է: Այն տեղադրված է Ախալքալաքի կենտրոնական հրապարակում:
Մինչ այս հուշարձանի տեղադրումը, այս վայրում տեղադրված էր Մեսրոպ Մաշտոցի մեկ այլ հուշարձան: Բայց քանդակը ավարտված չէր: Եվ մեկ այլ քանդակի հետ, ինչպես երևում է անավարտ, քանի որ դժվար է կռահել, թե ում քանդակն է այն, արդեն 7 տարի է դեն է նետված Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մոտակայքում, Մշակույթի տան պատերի մոտ: Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի բաժնում դեռ չգիտեն, ինչ անել այդ այդ քանդակների հետ:
Օքրո Օքրոյան
Ախալքալաքի կենտրոնական հրապարակի կողքին, Մշակույթի տան կողքին կանգնած է պոետ և վիպասան Օքրո Օքրոյանի հուշարձանը: Այն տեղադրել է պոետի ընտանիքը: Նա ծնվել է 1933թ.-ին Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: Համալսարանը ավարտելուց հետո նա աշխատել է գյուղի դպրոցում: Ղեկավարել է Ախալքալաքի կրթության Շրջանային բաժինը: Նա գրել է բանաստեղծություններ վաղ հասակից, սակայն առաջին գիրքը լույս է տեսել, երբ նա արդեն բավականին տարիքով էր:
Գիտեն արդյոք Ախալքալաքցիները, թե ինչ հուշարձաններ կան և որտեղ են տեղադրված:
Դերենիկ Դեմիրճյան
Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում տեղադրված է գրող Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանը: Նա ծնվել է 1877թ.-ին Ախալքալաքում: 1925թ.-ին տեղափոխվել Երևան: Նա հայտնի «Վարդանանք» վեպի հեղինակն է: Գրել է նաև պիեսներ և հեքիաթներ: Տունը, որտեղ ծնվել է նա թանգարան չի, սակայն այնտեղ պահպանվել է ցուցատախտակ գրությունով, որ այստեղ ծնվել և ապրել է Դերենիկ Դեմիրճյանը:
Հովհաննես Թումանյան
№1 հանրային դպրոցի բակում տեղադրված է հայ բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի հուշարձանը: Երկար տարիներ այս դպրոցը կոչվում էր նրա անունով, չնայած հիմա դպրոցը վերաանվանված է, սակայն քաղաքում միևնույն է այն անվանում են Թումանյանի դպրոց: Նրա «Թմկա բերդի առումը» և «Փարվանա» պոեմների շնորհիվ Ջավախքը դարձավ հայտնի:
Քաղաքի հյուսիսային կողմում, քաղաքի մուտքի մոտ բարձր բլրի վրա տեղադրված է վրացի պոետ և պետական գործիչ Շոթա Ռուսթավելիի հուշարձանը: Չգիտենալու դեպքում, քաղաք մտնելիս հնարավոր է չնկատել հուշարձանը: Այն տեղադրված է Շոթա Ռուսթավելիի 800 ամյակի պատվին, 70-ական թվականներին: Բանաստեղծի ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց համարում են, որ նա ծնվել է 1160 և 1165 թվականների միջև: Նրա ազգանունը կապում են Ռուսթավի գյուղի հետ (Սամցխե Ջավախք): Նա հայտնի «Ընձենավորը» (Վագրենավորը) պոեմի հեղինակն է:
Ում հուշարձանները կցանկանային տեսնել Ախալքալաքցիները իրենց քաղաքում:
Որոշ Ախալքալաքցիներ, ըստ մեր հարցման, իրենց քաղաքում ցանկանում են տեսնել Վահան Տերյանի, գեներալ Դալիբալթայանի հուշարձանները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինվորներին նվիրված հուշարձան:
Արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունի
Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված է Արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու հուշարձանը: Ծնվել է 1779թ.-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգում: 1829-1830թթ. Կարապետ արքեպիսկոպոսի կոչի և ղեկավարության ներքո 50 000 էրզրումցի հայերը (7298 ընտանիք) բնակեցվել են Ախալքալաքում և Ախալցիխեում: Նրա ջանքերով Էրզրումի շրջանի գյուղերի եկեղեցիներից և մենաստաններից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր և մշակութային արժեքներ (տեղափոխվել են Սուրբ Փրկիչ եկեղեցի), կառուցվել են 60 եկեղեցիներ, ավելի քան 100 գյուղեր…
Շատ վատ վիճակում է գտնվում Սովետական Միության հերոս Վաչագան Վանցյանի կիսանդրին: Նա ծնվել է 1913թ.-ին Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում: Նա ակտիվորեն մասնակցել է Մեծ հայրենական պատերազմի գործողություններին: Երբ տեղադրվել է Վաչագան Վանցյանի կիսանդրին, այդ ժամանակ այդտեղ զբոսայգի է եղել, իսկ հիմա այն վերածվել է տոնավաճառի: Հուշարձանի տակ վաճառում են կոշիկներ: Տարին մեկ անգամ, մայիսի 9-ին, երբ մարդիկ գնում են հարգելու պատերազմում զոհվածների հիշատակը, հուշարձանի տակի տարածքը մեկ ժամով ազատում են վաճառվող իրերից:
Ախալքալաքի հուշարձանների ինտերակտիվ քարտեզը:
Այս քարտեզի օգնությամբ կարող եք տեսնել Ախալքալաքի հուշարձանները: Պետք է սեղմել «Ախալքալաքի» -ի վրա, կբացվի քաղաքի քարտեզը, հուշարձանները, որոնք նշված են կարմիր կետերով:
Created using Visme. An easy-to-use Infographic Maker.
Շուշան Շիրինյան