Ախալքալաքի առողջապահությունը թևակոխում է 2024 թվական՝ որոշակի ձեռքբերումներով և գալիք տարվա համար նախատեսված հավակնոտ ծրագրերով։

2023 թվականի ամենակարևոր ձեռքբերումը, ըստ Ախալքալաքի բժիշկների, Ախալքալաքի հիվանդանոցում հեմոդիալիզի կենտրոնի բացումն է։ Մինչ այդ, այս ծառայության կարիք ունեցող հիվանդները ստիպված էին 80-100 կիլոմետր ճանապարհ անցնել ոլոր-մոլոր ճանապարհներով, որպեսզի շարունակեն ապրել։ Այս արդյունքին հասնել ձգտում էին երկար տարիներ։

 

 

«Իհարկե, կան կազմակերպչական խնդիրներ, կան անձնային, մարդկային մոտեցումներ, բայց այս ամենին ուշադրություն չդարձնելով, քայլ առ քայլ հաղթահարելով այս բոլոր խոչընդոտները, հասանք այս արդյունքին»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Ախալքալաքի հիվանդանոցն առաջընթաց է գրանցում վնասվածքաբանության ոլորտում:

«Մենք ստացել ենք սարքավորումներ, որոնք արդեն տեղադրված են: Թույլ են տալիս մարմնի տարբեր մասերի (ազդր, ձեռքեր, ձեռքի մատների կոտրվածքներ և այլն) բոլոր տրավմատոլոգիական վիրահատությունները կատարել առանց մեծ կտրվածքների: Հնարավոր է վիրահատել միայն մեկ փոքրիկ կրտվածքով։ Սրա համար մենք երկար տարիներ պայքարել ենք և վերջապես 6-8 ամիս է ունենք այս սարքավորումները, սա նաև ձեռքբերում է մեր բնակչության համար», – ասում է նա։

Ինչ վերաբերում է վիրաբուժական ծառայություններին, ապա Ախալքալաքի հիվանդանոցի վիրաբույժները 2023 թվականին կատարել են մինչև 380 վիրահատություն։ Ալեքսան Թորոյանի գնահատականներով՝ սա բավականին լուրջ ցուցանիշ է, քանի որ վիրահատությունները հիմնականում եղել են միջին բարդության և բարդ։

Ալեքսան Թորոյանը լավատեսորեն է տրամադրված նոր տարում և վստահ է, որ 2024 թվականին Ախալքալաքի հիվանդանոցը լուրջ զարգացման կհասնի։

«Նախատեսում ենք 2024 թվականին ներդնել կորոնարոգրաֆիայի ծառայություն, որին կհաջորդի ստենտավորումը: Սա հավակնոտ ցանկություն է, բայց դա անհասանելի բան չէ, մենք ունենք նախադրյալներ, որ այս հարցում էլ հասնենք հաղթանակի: Մասնագետ ունենք տեղում, բժիշկ-սրտաբան ունենք, նա կուղարկվի վերապատրաստման: Կորոնարոգրաֆիայի հնարավորություն ունենալուց հետո արդեն սովորական կլինի սրտի կաթվածի կամ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ փականների ստենտավորումը, այսինքն՝ դժվարությունը կորոնարոգրաֆիայի մեջ է, իսկ ստենտավորումն արդեն տեխնիկական խնդիր է»,- ասում է նա։