Հարություն Մալխասյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի 2-րդ կուրսում, նա մտադիր է հայրենի Թորիա գյուղ վերադառնալ և ստացած բարձրագույն կրթությունը օգտագործել ի օգուտ հարազատ՝ Նինոծմինդայի շրջանի:
Թբիլիսիի ուսանողական միության հերթական դասն է: Էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով բուհ ընդունված Հարություն Մալխասյանն արդեն նույն ծրագրով սովորողների՝ 150 հոգուց բաղկացած խումբ է ղեկավարում, օգնում և ուղղորդում: Ընկերոջ՝ Ստեփան Էվաջյանի հետ ուսանողներին բացատրում է կրթական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև մասնագիտական խորհուրդներ է տալիս.
«1+4 ծրագրի դժվարությունները ես և Ստեփանը մեր կաշվի վրա ենք զգացել: Երբ տեղափոխվեցինք 1-ին կուրս, չգիտեինք ինչ առարկաներ ընտրել, ինչպես սովորել դրանք, ներկայացնել սեմինարների ընթացքում և քննություն հանձնել: Այս մտահղացմամբ դիմեցինք «Հայարտուն» կենտրոնին, որը մեզ տրամադրեց տարածք, որտեղ հնարավոր եղավ ամենն իրականություն դարձնել»։
ԹՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանողը 3 տարի առաջ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղից ժամանել է Թբիլիսի՝ բարձրագույն կրթությունը «1+4» ծրագրով սկսելու համար:
«Ինչու հենց Թբիլիսի, որովհետև ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պարտավոր է տիրապետել երկրի պետական լեզվին: Ընդունվելիս տարրական երկխոսության համար խոսքեր գիտեի», – ասում է Հարությունը՝ վստահեցնելով, որ 1 տարի անց վրացերեն լեզվի հետ կապված խնդիրներն անհամեմատ քիչ էին։
«Վրացերենի մակարդակը բարձրանում է նաև, երբ մտնում ես վրացական միջավայր՝ ավտոբուսով ես ճանապարհորդում, լսում ես լեզուն և այլն»։
Խոսելով արդեն առաջին կուրսում հանդիպած դժվարությունների մասին, Հարությունն ասում է, որ ամենամեծ խոչընդոտը թերևս հենց լեզվի իմացության մակարդակն է, ինչպես նաև վրացիների հետ շփման պակասը:
Հարությունը համարում է, որ ինտեգրումը երկկողմանի գործընթաց է: «Օրինակ իմ կուրսեցիներից շատերն ուշադրություն չեն դարձնում, թե ինչ ազգություն ունեմ, վերաբերվում են այնպես, ինչպես մյուսներին: Երբ դիմում եմ Բեքային, այսպես է արձագանքում՝ «Հա ջան»։ Նա Ախալցիխեից է, հայերեն բառեր գիտի, հայերի հետ շատ է շփվել, դրական է տրամադրված… Ինչ վերաբերում է Էլմարին (ազգությամբ ադրբեջանցի՝ Մառնեուլից), վերջին տարվա ընթացքում բոլոր քննություններին և դասերին միասին ենք պատրաստվել, նա իմ ամենամոտ ընկերներից է, ես նրան հայերեն խոսել եմ սովորեցնում, ինքն էլ ինձ՝ ադրբեջաներեն»։
Ապագայում Հարությունը պատրաստվում է մագիստրատուրա ընդունվել։ Ասում է, որ շրջան է վերադառնալու, որտեղ կարող է ավելի օգտակար լինել:
Այս նյութը և նմանատիպ նյութեր ««1+4» հաջողված պատմություններ» շարքից կարող եք կարդալ Aliq Media լրատվականում