Առջևում շատ կարևոր ընտրություններ են, ուստի կիբերտարածության հետ կապված խնդիրները, ռիսկերը և սպառնալիքները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Վրաստանի համար: Այս մասին երկրի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է Թբիլիսիում անցկացվող Վրաստանի կիբեռանվտանգության համաժողովի բացմանը:

Ըստ վարչապետի, կիբերտարածությունը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը: Կիբերտարածքում ամեն օր տեղի են ունենում հույժ կարևոր իրադարձություններ, որոնք առանցքային տարր են հանդիսանում կառավարության, պետական ենթակառուցվածքների և, ընդհանուր առմամբ, երկրի սահուն գործունեության համար:

«Վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանը մի քանի անգամ բախվել է նման սպառնալիքների: Բոլորս հիշում ենք Ռուսաստանի կիբերհարձակումները 2008 թ.-ի հակամարտության ընթացքում, 2019-ի հոկտեմբերյան հարձակումը՝ ուղղված մեծ թվով մասնավոր և պետական հատվածների կայքերի վրա, և սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած վերջին հարձակումը, որը վնասեց վրացական առողջապահական հաստատություններին, այդ թվում՝ Լուգարի լաբորատորիային»:

Ըստ Գախարիայի, այս ֆոնին կարևոր է ապահովել կիբեր-սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի ամուր հիմքը: Մասնավորապես, վարչապետը կոչ է արել ստեղծել համապետական կառույց, որը պատասխանատու կլինի գործընթացում ներգրավված գերատեսչությունների աշխատանքը համակարգելու համար:

Դրա հետ մեկտեղ, համաժողովին ներկա գտնվող Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը Վրաստանի կառավարությանը կոչ է արել «անհապաղ վավերացնել կիբերանվտանգության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը»: