Ախալքալաքի Ժողովրդական թատրոնը Արմեն Բայանդուրյանի «Վաճառվում է կլարնետ» պիեսի հիման վրա բեմադրել է կատակերգություն Ախալքալաքի Մշակույթի տան բեմում:
Մայիսի 14-ին Ախալքալաքի ցուրտ Մշակույթի տան ոչ բազմաքանակ հանդիսատեսը դիտեց կատակերգական պիեսը, որը բեմադրել է Ախալքալաքի Ժողովրդական թատրոնը Ալիկ Քսպոյանի ղեկավարության ներքո: Հանդիսատեսի շրջանում դահլիճում ներկա էր պիեսի հեղինակ Արմեն Բայանդուրյանը:
«Բոլորովին վերջերս, կյանքից հեռացավ Թբիլիսի Ադամյանի անվան Դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասանուհի Լեյլա Մկրտչյան-Բայանդուրյանը, մեր կողմից հարգված Արմեն Բայանդուրյանի կինը: Նա մի քանի անգամ ելույթ է ունեցել այս բեմին: Այսօր Ախալքալաքի ժողովրդական թատրոնը նվիրում է այս ներկայացումը նրա հիշատակին», – բացման խոսքով հանդես եկավ Մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիկ Քսպոյանը:
Ինչպես միշտ, հետաքրքիր սյուժեից ու բեմական խաղից բացի, հանդիսատեսին հանգիստ չէր թողնում Ախալքալաքի Մշակույթի տան ցուրտը ու միջանցիկ քամիները: Ոմանք նույնիսկ չկարողացան դիտել բեմադրությունը մինչև վերջ, վախենալով հիվանդանալուց:
Խոստումով հանդես եկավ նաև Ախալքալաքի Շրջանային ժողովի (Սակրեբուլո) նախագահ Համլետ Մովսիսյանը:
«Մեր տեղի բյուջեից Մշակույթի տան համար հատկացվել է գումար, և այս տարի անպայման կլինի ջեռուցում: Մենք պետք է հատկացնենք կես միլիոն լարի ամբողջ դահլիճի վերանորոգման համար: Ջեռուցումը անցկացվելու է այս տարի, իսկ մնացած աշխատանքները, եթե հասցնենք, կանենք այս տարի, եթե ոչ, ապա հաջորդ: Անելու ենք ամեն ինչ, որ այս տարի հասցնենք: Մենք Էդիկ Աղասարյանի հետ կանենք ամեն ինչ, որպեսզի այս բեմը միշտ գործի և աշխատի մեզ համար, մեր երիտասարդ սերնդի համար », – իր ելույթում խոստացավ Համլետ Մովսիսյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաև Արմեն Բայանդուրյանը, Թբիլիսիի Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տնօրենը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Ալիք Քսպոյանին, նա արդեն բեմադրում է իմ երկրորդ պիեսը: Եվ շատ հաճելի է, գիտեք, երբ ձեր աշխատանքը բեմադրվում է հատկապես ձեր քաղաքում: Մի բան հաստատ գիտեմ, որ այս բեմադրությունը երկար ժամանակ է ապրելու, քանի որ թատրոնի վերականգնումից հետո այս ներկայացումը կխաղան Թբիլիսիում », – ասում է Արմեն Բայանդուրյանը:
Նշենք, որ Ախալքալաքի թատերական կյանքը բազմատեսակ չէ: Տարվա մեջ բեմադրվում է առավելագույնը 1-2 բեմադրություն: Իսկ թատերախումբը սիրողական է:
Քրիստինե Մարաբյան