Jnews-ը այսուհետ, պարբերաբար իր ընթերցողին կներկայացնի լուսանկարներ, որոնցում Դուք կտեսնեք Ախալքալաքի ներկայի և անցյալի տարբերությունը։
Քաղաքի հատվող զուգահեռներից առաջինը ներկայացնում ենք կենտրոնական այգին՝ Խաս Բախչան։ Քաղաքի հին լուսանկարները jnews-ին տրամադրել է լուսանկարիչ Հայրապետ Լեվանյանի ընտանիքը։ Համեմատում ենք այսօրվա և 1960-1980-ականների լուսանկարները:
Արդեն 130 և ավելի տարիներ է, ինչ այգին քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկն է։
Այգու հիմնադիրը Ստեփանոս Անանիկյանն է։ Երբ Օհանջանյանները տեղափոխվում են բնակություն հաստատելու Երևան, նրանց տան դիմացի ազատ հողատարածքը, քաղաքային իշխանությունների թույլտվությամբ, Ստեփանոս Անանիկյանը պարսպապատում է քաղաքաբնակների համար զբոսայգի հիմնելու նպատակով։ Նա իր մտադրության մասին սկզբից չէր բարձրաձայնում, քանի որ մի կողմից վախ կար, որ մեր բնակլիմայական պայմաններում ծառեր չէին աճելու և չստացված գաղափարը բամբասանքների տեղիք էր տալու, իսկ մյուս կողմից գեղեցիկ անակնկալ կլիներ քաղաքացիների համար։
Ահա՝ 1873 թվականին նա գնում է Ասպինձա, ապա Բորժոմի, որտեղից և հայրենակից Գագոյի շնորհիվ անվճար ձեռք է բերում համապատասխան տնկիներ, որոնք նպատակահարմար է աճեցնել Ախալքալաքի տարածքում։
1882 թվականին տնկիները արդեն փոքրիկ ծառեր էին դարձել, Ստեփանոսն ուզում էր այգին քարով և կանաչ փայտյա սուրանկյուն ձողերով պարսպապատել։ Հունիսին արդեն նշանակել էր այգու բացման արարողությունը, որ իհարկե անակնկալ էր ամբողջ քաղաքի համար, իսկ ամենամեծ անակնկալը Ստեփանոսի հիվանդ կնոջ՝ Զարուհու համար էր, այգու բացումը նրա ծննդյան օրն էր նախատեսված։
Այգու բացման արարողության ժամանակ քաղաքապետի կինը զմայլված քաղաքի նորահայտ շքեղությամբ, բացականչում է. «այ քեզ խաս բախչա», և այդ բառերը բերնեբերան անցնելով մնում են որպես քաղաքի կենտրոնական այգու անվանում։
1897 թվականին՝ այգու հիմնադրումից 15 տարի անց մահանում է Ստեփանոս Անանիկյանը։
Խորհրդային տարիներին Խաս Բախչան սրբատաշ բազալտով ու երկաթե ձողերով է պարիսպապատվում։ Ժամանակին այստեղ է կանգնեցվել Ստալինի արձանը, իսկ արձանի հեռացումից հետո նույն վայրում լուսամփոփներ են տեղակայվել։ Այսօր քաղաքային զբոսայգում վեր է խոյանում Դերենիկ Դեմիրճյանի արձանը։
Սոնա Տոնականյան
Արթուր Մոսոյան