Վրաստանի բնակչությունը 2017-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝ 3 718 200 մարդ, ինչը 0.1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2017-ի առաջին ամիսների տվյալներով, բնակչության 57.2% ապրում է քաղաքներում, 42.8%-ը՝ գյուղական բնակավայրերում: Թբիլիսիի բնակչությունը 1 տարում ավելացել է 0.14%-ով՝ կազմելով 1 114 600 մարդ, որը Վրաստանի բնակչության 30 տոկսոն է:

«Բնակչության թվաքանակի նվազման վրա ազդել են 2016 թ. բնական աճի ցուցանիշները և արտաքին միգրացիայի բացասական սալդոն»,- ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

2016-ին միգրացիոն սալդոյի բացասական ցուցանիշը՝ տարբերությունը ժամանողների և մեկնողների միջև, կազմել է 8 100 մարդ: Վրաստանից մեկնել է 98 300 մարդ, ինչը 2.4% ավելի է նախորդ տարվանից: Միևնույն ժամանակ ժամանողների թիվը նվազել է 2.5%-ով՝ կազմելով 90 200 մարդ:

Վրաստանի քաղաքացիները երկրից մեկնում են հիմնականում արտագնա աշխատանք որոնելու նպատակով և այդ երկրների առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի. Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան, Թուրքիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ադրբեջան: Փորձագետների կարծիքով, ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը, որն ուժի մեջ մտավ 2017-ի մարտի 28-ից, զգալիորեն կարող է խթանել արտագաղթը Վրաստանից: